Սիրիայից վարձկանների նոր խումբը պատրաստվում է ԼՂ հակամարտության գոտի մեկնել․ «ՌԻԱ Նովոստի»

Սիրիայից վարձկանների նոր խումբը պատրաստվում է Թուրքիայով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի մեկնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմությունում իր աղբյուրներին։

Զինյալների թվի և մեկնման ժամկետի մասին տեղեկություն չկա։

Աղբյուրների փոխանցմամբ՝ այնտեղ տեղափոխված զինյալներն արդեն իսկ մեծ կորուստներ են կրում․ վերջին օրերին Թուրքիա է տեղափոխվել 18 վիրավոր և 7 դի:

Միևնույն ժամանակ աղբյուրները հերքել են զինյալների՝ Լեռնային Ղարաբաղից Սիրիա վերադառնալու մասին տեղեկությունները՝ նշելով, որ նման պայմանագրերը կես տարի ժամկետով են կնքվում։

«Սիրիայից մեկնած ոչ մի զինյալ չի վերադարձել Լեռնային Ղարաբաղից»,- նշել է գործակալության զրուցակիցներից մեկը և հավելել, որ զինյալներն այնտեղ են տեղափոխվել դեռևս հունիսից։

«Փոխանակման ժամանակը դեռևս չի եկել, քանի որ դա ամեն վեց ամիսը մեկ է տեղի ունենում»,- նշել է աղբյուրը։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտնել էին, որ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից զինյալներ է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ այնտեղ ծավալվող մարտերին մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։