«Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքին հարվածելու մասին տեղեկությունը»․ Պեսկով

Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից անմիջապես Հայաստանի տարածքին հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է այդ տեղեկությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու կողմերի իրենց գործընկերների հետ։ Դուք գիտեք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային շփումներ է ունեցել երկու կողմերի իր գործընկերների հետ։ Այդ տեղեկությունը ստուգվում և վերլուծվում է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հարցին, թե այդ տեղեկությունների հաստատվելու դեպքում, արդյո՞ք ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի ինչ-որ մեխանիզմներ, Պեսկովը ընդգծել է, որ պետք է սպասել արդյունքներին։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։