Սառույցը շարժվե՞ց. խաղը բաց է

Ինչո՞ւ է հապաղում միջազգային հանրությունը, որովհետև այնքան շահեր, որքան բախվում են կովկասյան այս հանգույցում, թերևս որևէ այլ լոկացիայում չկան: Շահերը բազմայարուսանի են. առանցքում պանթուրքիստական նկրտումներն են. Թուրքիան իր հաշվարկները կառուցում է մի կողմից իր տարածքում կենտրոնացած մերձավորարևելյան փախստականների շանտաժի վրա` ԵՄ-ին քշելով անկյուն, մյուս կողմից, չնայած ԱՄՆ-ի կողմից Ինջիրլիքի ռազմաբազայի՝ դեպ Հունաստան տարհանման հեռանկարին, ղարաբաղյան «գրավյալ տարածքների» «հետբերման դեպքում», Իրանի վրա հարձակման «պատուհանի»՝ Ադրբեջանին նոն-ստոպ զենք մատուցող Իսրայելի ձեռքերով, ամերիկյան լուռ համաձայնությամբ, որպես պլացդարմ` ապագա հեռահար պլանների համար:

Ասել է` Իրանի համար ևս այս «մարտը» խիստ վճռորոշ է այն առումով, որ իսրայելա-գլոբալիստական, իգիլա-ահաբեկչական-պանթուրքիստական շնչի անմիջական հայտնվելը իր սահմանին պակաս վտանգավոր չէ, որքան՝ մեզ, Արցախի ու ողջ տարածաշրջանի համար:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ճիշտ է, չէր պատրաստվում «խոսել» Էրդողանի ու Չավուշօղլուի հետ, որովհետև խաղը բաց է, և ապա` կաշկանդված է ԵԱՀԿ ՄԽ մանդատով` գումարած ՀԱՊԿ մանդատ, այնուհանդերձ, ԵԱՀԿ ՄԽ-ը վերջապես շարժվեց. հանդիպման հրավիրեց կողմերին. դրվեցին այդպես էլ չկայացած հումանիտար հրադադարի հիմքերը:

Իր հերթին Վ. Պուտինը մեսիջներ ուղարկեց Հայաստանին, որպես ռազմավարական գործընկեր. ինչը նշանային առումով բավականին տարողունակ էր. խաղն այս առումով նույնպես բաց է, հապաղումն ունի հազար ու մի պատճառ:

Բոլոր դեպքերում դիվանագիտական սառույցը շարժվում է, խոսքային մակարդակը դանդաղորեն փոխարինվում գործողությունների մանր կասկադով:

Հարցերի հարցը մնում է միակը. ի՞նչ ձևաչափով է շարունակվելու բանակցային գործընթացը: Աներկբա է` ԵԱՀԿ ՄԽ-ն այլընտրանք չունի: Ի դեպ. նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ ինչ-ինչ վիճարկելի կետեր այնուհանդերձ կային` ԵԱՀԿ ՄԽ երկրների մասով. նրբագեղ անցումներ կային: Գաղտնիք չէ, որ փորձ է արվում բանակցային ֆորմատի մեջ «ներմուծել» նաև Թուրքիային, ինչը հայկական կողմի համար ուղղակի նոնսենս է, հղի թե գեո բազում ռիսկերով ու վտանգներով. և ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ դրա դրսի, ներսի որոշ ուժերի այս իդեա-ֆիքսի իրականացումը:

Նկատենք, որ մինչև երեկ լռություն էր խաղաղապահների մասով: Բոլորը հասկանում էին` հարցերի հարցը դա է, սակայն վա-բանկ ոչ մեկը չէր գնում. Պեսկովը նրբորեն հասկացնում էր, որ դա պետք է հակամարտող կողմերի «պահանջը» լինի:

Ահա և Ս. Լավրովը բարձրաձայնեց այդ մասին: Ինչը նշանակում է` սկսված փխրուն դիվանագիտական քայլերը հասել են նաև այդ կետին. ինչ տարողունակությամբ, ինչ սաղավարտների (կարծես թե պետք է ռուսակա՞ն. այդ մասին է ակնարկում Լավրովը), ինչ համամասնության ու կետայնությամբ, հասկանալի է, դեռ շատ վաղ է խոսել այդ մասին: Ընդորում, խոսք չկա նաև այն մասին, թե արդյո՞ք Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ընդհանուր կարծիքն է հայտնում, թե միայն ռուսական համանախագահության:

Ուշագրավ է, որ հայտարարությունն արվել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո (իսկ բանակցություններին խիստ ակտիվ ներգրավվածություն է ունեցել Վ. Պուտինը և Ս. Շոյգուն, ինչն արձանագրումն է, որ ռուսական կողմը շատ լուրջ է տրամադրված): Ի դեպ. անչափ հետաքրքիր ու խիստ տարողունակ էր Լավրովի «հայտը», որ զինվորականների մակարդակով պետք է համաձայնեցնել շատ մեխանիզմներ… (այս մասին այսօր ընդհանրապես լռում ենք):

Խիստ ուշագրավ է նաև, որ Ս. Լավրովը խաղաղապահների մասին հայտարարությանը հավելել է` ռուսաստանցի դիտորդ զինվորականները կարող են ներառվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի կազմի մեջ։

Դու ասացիր:

Լավրովը խիստ հանգամանալի ներկայացրել է նաև «մադրիդյան սկզբունքների» «հիշողությունն» ու կիրառումը. Փոքր-ինչ անհասկանալի է` դա կողմերի հետ պայմանավորվածությա՞ն, թե բարի ցանկության դրսևորում է:

Ի դեպ. հիշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության` ԱՄՆ-Ռուսաստան տիրույթում, ըստ ԱՄՆ նախագահի անվտանգության խորհրդական Օ Բրայնի` Ղարաբաղյան հարցում առկա է գեոքաղաքական եզակի դրսևորում-համաձայնություն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև: Հավատա՞նք: Կերևա շուտով:

Բոլոր դեպքերում, այս առումով նույնպես խաղը բաց է: Պետք է հետևել կողմերի, ընդորում` բոլոր կողմերի, այդ թվում և միջազգային հանրության արձագանքին` Լավրովի, իսկապես, շատ կարևոր հայտարարությանը, հասկանալու` այն լրումին հասնելու շանս ու հնարավորություն ունի՞:

Բոլոր դեպքերում, ինչպես հրադադարը, չավարտվող պատերազմը, այնպես էլ այս «հայտարարության» ուղին շատ բարդ ու ծանր կլինի. սակայն ինչպես ասում են` ցանկացած բանակցություն ու խաղաղապահ կրակոցից լավ է:

Կարմեն Դավթյան