Թուրք գրող Էլիֆ Շաֆաքի խաղաղասիրական գրառման պատճառով Ադրբեջանում նրա դեմ արշավ է սկսվել

Թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը, անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, «Թվիթերի» իր միկրոբլոգում խաղաղության կոչով գրառում է արել։ Շավաքը իր էջում տեղադրել էր բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի կատարումը Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում՝ օրերս նա նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը լայնորեն տարածվել էր համացանցում։

Շաֆաքը, համացանցում կիսվելով այդ տեսանյութով, որն ավելի վաղ հրապարակել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, վերջինիս շնորհակալություն է հայտնել և տեսանյութին կից գրել.

«Այս գրառումը բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են խաղաղությանը և չեն հրաժարվում խաղաղությունը պաշտպանելուց։ Արվեստ ավերակների մեջ․․․ Շնորհակալություն, Կարո Փայլան, որ կիսվել եք»։

Նշենք, որ Էլիֆ Շաֆաքի այս գրառումը բացասական արձագանք է գտել թուրք և ադրբեջանցի օգտատերերի շրջանում։ Նրանք Շաֆաքի հասցեին անպարկեշտ և սպառնալից գրառումներ են արել։ Ոմանք անգամ պահանջել են, որ Ադրբեջանում դադարեցվի նրա գրքերի վաճառքը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ բոյկոտից անմիջապես հետո Ադրբեջանի բազմաթիվ գրախանութներում դադարեցվել են Շաֆաքի գրքերի վաճառքը։

Հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական հասարակությունում ով կողմ է արտահայտվում խաղաղությանը, միանգամից ընկալվում է իբրև հայերի կողմնակից և ազգի դավաճան։ Էլիֆ Շաֆաքի՝ խաղաղությանը միտված չեզոք գրառումը թուրքական լրատվամիջոցները մեկնաբանեցին որպես աջակցություն Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի։

Աղբյուրը՝ Ermenihaber.am