Սերգեյ Շոյգուն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կատարել ԼՂ վերաբերյալ կնքված մոսկովյան համաձայնագրի պարտավորվածությունները

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կոչ է արել ամբողջ ծավալով կատարել Մոսկվայում ԼՂ-ի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի պարտավորվածությունները:

Այս մասին հայտնել են ռազմական գերատեսչությունում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

ՌԴ ՊՆ տեղեկացմամբ՝ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ:

«Բանակցությունների ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կոչ է արել իր գործընկերներին ամբողջ ծավալով իրականացնել հայկական և ադրբեջանական կողմերի ստանձնած պարտականությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների»,- նշել են նախարարությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը շարունակել է լայնածավալ ռազմական գործողությունները,  իրականացրել է դիվերսիոն գործողություններ, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։