Պարգև արքեպիսկոպոսն այցելել է Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցի և աղոթել Հայաստան-Արցախ աշխարհի խաղաղության համար (լուսանկարներ)

Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է օրեր առաջ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի և այնտեղ աղոթք բարձրացրել  Հայաստան-Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար։ Այս մասին տեղեկանում ենք Պարգև Սրբազանի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։