Քադիրովը հայտարարել է, որ Գրոզնիում ոչնչացված զինյալները, հնարավոր է, ժամանել էին արտասահմանից

Այսօր Գրոզնիում ոչնչացված զինյալները, հնարավոր է, ժամանել են արտասահմանից, իրականացվել են նրանց չեզոքացնելու օպերատիվ միջոցառումներ: Այս մասին, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, իր Telegram-ալիքում գրել Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:

«Չեչնիայի Հանրապետությունում վաղուց են վերջ տրվել ահաբեկչական կազմավորումներին: Իսկ տեղեկատվությունը, որ արտասահմանից տարածաշրջան են ժամանել ապօրինի զինված կազմավորումների անդամներ, իրավապահ մարմիններին հայտնի էր վաղօրոք: Իրականացվել են նրանց բռնելու օպերատիվ միջոցառումներ»,- գրել է Քադիրովը:

Հանրապետության ղեկավարի խոսքով՝ ահաբեկիչների գտնվելու վայրը որոշելու հարցում օգնել են տեղացի բնակիչները, «որոնք ժամանակին հայտնել են մասնավոր տներից մեկում կասկածելի անձանց հայտնվելու մասին»:

Քադիրովը նաև նշել է, որ առաջինը դեպքի վայր են ժամանել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Գրոզնու գծային բաժնի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները:

«Դժբախտաբար, իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ զոհվել են «շայթանների» ձեռքով,-նշել է Քադիրովը հավելելով, որ զինյալներն ահաբեկչական գործողություններ էին պլանավորել հանրապետության տարածքում:

«Այսօր առավոտյան Գրոզնու Օկտյաբրսկի շրջանում հաջող իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է ապօրինի զինված կազմավորումների չորս մասնակից: Նրանք մի շարք ահաբեկչական գործողություններ էին պլանավորել տարածաշրջանում: Մարտական ընդհարման վայրից առգրավվել են զենք, կապի միջոցներ, ռազմամթերք»,- գրել է Քադիրովը: Չեչնիայի Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ իրավիճակն ինչպես քաղաքում, այնպես էլ տարածաշրջանում «ամբողջությամբ կայուն է և հանգիստ»: «Սահմանափակիչ միջոցներ չեն մտցվել: Երթևեկությունն ազատ է: Բոլոր ծառայություններն աշխատում են նախատեսված ռեժիմով: Ուժայիններն աշխատել են առավելագույնս պրոֆեսիոնալ, համակարգված և հանգիստ»,- նշել է Քադիրովը: