Արցախի նախագահն ստորագրել է զինված պաշտպանությանն աշխարհազորի մասնակցության մասին օրինագիծը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից հոկտեմբերի 13-ին միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել Արցախի նախագահի նախաձեռնությամբ և կկանոնակարգի հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:

«Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:

Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է:

Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան:

Ի գործ…»,-  նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: