«Այն, ինչ անում է Թուրքիան, ահավոր է». ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականները՝ ԼՂ հակամարտությանն Անկարայի միջամտության մասին

ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականները դրական են գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Մոսկվայի գործադրած ջանքերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Շատ լավ է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է կարգավորել այս հակամարտությունը»,- նշել է «Սոցիալիստներ, դեմոկրատներ և կանաչներ» խմբի ղեկավար, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն:

Միևնույն ժամանակ նա ուշադրություն է հրավիրել տեղեկությունների վրա, ըստ որոնց՝ Թուրքիան Սիրիայից զինյալներ է ուղարկել հակամարտության գոտի:

«Այն, ինչ անում է Թուրքիան, ահավոր է: Չի կարելի այնտեղ Սիրիայից գրոհայինների ուղարկել, քանի որ նման գործողությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը չեն նպաստում»,- ընդգծել է Շվաբեն:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Մերը, իր հերթին, մտահոգություն է հայտնել Եվրոպայի վրա հակամարտության հետևանքների համար:

«Չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Եվրոպական խորհրդի երկու անդամ (Հայաստանը և Ադրբեջանը) երրորդ երկրի (Թուրքիայի) մասնակցությամբ զինված հակամարտության մեջ են: Հակամարտությունը սարսափելի հետևանքներ է ունենում խաղաղ բնակչության համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։