Զախարովան մանրամասներ է պատմել Ղարաբաղյան հարցի շուրջ ժամեր տևած բանակցությունների մասին

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում մանրամասներ է պատմել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի մասին: Գրել է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, դրանք տևել են գրեթե 11 ժամ և ավարտվել են գիշերը՝ ժամը երկուսի մոտ: Ընդ որում, ի սկզբանե հանդիպումը խորհրդատվական բնույթ ուներ, բայց ընթացքում հնարավոր եղավ մշակել մի փաստաթուղթ, որը դարձավ հակամարտության կարգավորման ելակետ:

Մասնակիցները մի քանի ընդմիջում են արել, որպեսզի պատվիրակությունները կարողանան զանգահարել Բաքու և Երևան:

«Երեքն անց էր, երբ  դահլիճում լսվեց Սերգեյ Վիկտորովիչի ուրախ բացականչությունը. նա մեկ անգամ ևս հարցրեց կողմերին, թե արդյո՞ք ամեն ինչ համաձայնեցված է, և դրանից հետո միայն նա գնաց լրագրողների մոտ», – ասել է Զախարովան:

Նա ավելացրել է, որ այս խորհրդակցությունների ընթացքում նա նորովի է բացահայտել ռուսական դիվանագիտության ղեկավարին:

«Ես տպավորություն ունեմ, որ այս փուլում նա դրեց  իր ողջ ինտելեկտը, բանակցային բոլոր ունակությունները, մարդկային որակները»,- նշել է Զախարովան:

«Երբ Ռուսաստանի նախագահը գծում է այն ճանապարհը, որը դուք պետք է անցնեք, դա այնպիսի ուժ է տալիս, որ անհնար է շեղվել այդ ճանապարհից», – ասել է նա:

Ըստ Զախարովայի, պետության ղեկավարի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ բազմաթիվ հեռախոսային խոսակցությունները հիմք են դրել հակամարտության կարգավորման գործընթացին:

Անցած շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում բանակցությունների ընթացքում համաձայնության եկան զինադադարի և գերիների ու մահացածների մարմինների փոխանակման շուրջ: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ի կեսօրից, բայց նույն օրը կողմերը սկսեցին միմյանց մեղադրել պայմանավորվածությունները խախտելու մեջ: