Մեր կարծիքը շատ հստակ ասել ենք. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. Էդուարդ Շարմազանով

«Հրավեր է եղել, խնդիրն Արցախն է եղել, ռազմական գործողությունները, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը, մյուս արտախորհրդարանական ուժերի հետ, մասնակցում էր վարչապետի կողմից հրավիրված քննարկմանը:

Լրագրողներից մեկնի հարցին, թե այս պահին ճիշտ կլինի՞ Արցախի ճանաչումը: «Գիտեմ՝ գայթակղությունը մեծ է ինձնից քաղել այն, ինչ դուք շատ եք ուզում: Այսօր մենք ռազմական դրության մեջ ենք, ես ավելի բան չեմ կարող ասել: Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը պետք է արվի այն ժամանակ, երբ օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը և կլինի շարունակական այլ միջազգային դերակատարների կողմից»,- նշեց Շարմազանովը:

Հարցին՝ Արցախի հարցում համընկնե՞լ են արդյոք Նիկոլ Փաշինյանի և Շարմազանովի տեսակետները, վերջինս պատասխանեց. «Համընկնում են, թե ոչ, պետք է հարցնել իրենց, մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ պատմական կարևոր ժամանակաշրջանում ենք ապրում, և չպետք է ներքաղաքական օրակարգով առաջ գնալ:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախկին իշխող ՀՀԿ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը: