Ի՞նչն է այս աստիճան վրդովեցրել Գառնիկ Իսագուլյանին, դրդել բարձրաձայնելու համապատասխաններին տրվելիք հարցերի մասին

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այսօր կատարված գրառմամբ ահազանգել է.

«Հիմա պատերազմ է, սրբազան պատերազմ, առաջացել են բազմաթիվ հարցեր, թե ո՞վ է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը և ինչո՞ւ այս օրերին նա գնաց այդ արկածախնդրությանը (դավաճանությանը), ես չգիտեմ, բայց այդ առումով բազմաթիվ մարդկանց ես հարցեր ունեմ ու պետք է ստանամ այդ հարցերի պատասխանները: Պատերազմ է, սրբազան պատերազմ, մնացածը կասեմ հետո»:

Իսագուլյանն իր գրառմանը կցել է մի հետաքրքիր կամ խորհրդավոր լուսանկար, որում Մասիս Մայիլյանն է ինչ-որ օդանավակայանի սպասասրահում:

Այն, որ իսկապես բազմաթիվ հարցեր են առաջացել, ընդ որում, ոչ միայն հիշյալ կուսակցության ղեկավարի, այլև շատ ուրիշների մոտ, և ոչ միայն Մասիս Մայիլյանի, այլև Արցախի այլ պաշտոնյաների, ինչպես նաև Հայաստանի մի շարք պաշտոնյաների վերաբերյալ, փաստ է; Այլ խնդիր է, որ պատերազմի պայմաններում այդ հարցերը համապատասխան ղեկավարներին չեն ուղղվում, բազմաթիվ իրողություններ ու խնդիրներ չեն հանրայնացվում, դեռ լռում ենք ու շատերն են լռում, և այս ամենը հասկանալի է: Դեռ կգա խոսելու ժամանակը: Եվ, այնուհանդերձ, ի՞նչն է, որ այս աստիճան վրդովեցրել է Իսագուլյանին ու տեղիք տվել նրա հիշյալ գրառմանը… Գուցե այդ գրառմամբ ինչ-որ բա՞ն է ուզում հասկացնել Հայաստանի, միգուցե նաև Արցախի ղեկավարությանը…

Փորձեցինք կապվել Գառնիկ Իսագուլյանի հետ ու ստանալ այս և այլ հարցերի պատասխաններ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարն այժմ Արցախում է, և վերադառնալուց հետո թերևս կպատասխանի այդ հարցերին:

Արթուր Հովհաննիսյան