Հրադադարը խախտվեց նաև այն պատճառով, որ չիրականացավ Էրդողանի երազանքը

Ինչու այդքան երկարեցին երեկվա բանակցությունները

Երեկ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Զոհրաբ Մնացականյանի` Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ բանակցությունների նպատակով Մոսկվա մեկնելուց առաջ որոշ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, թե, ըստ ՌԴ նախագահի ուղերձի, բանակցությունների օրակարգում բացառապես մարդասիրական նկատառումներով` զոհվածների մարմինների և գերիների փոխանակման համար ռազմական գործողությունների դադարեցման հարցն է:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` մարդասիրական նկատառումներով` զոհվածների մարմինների և գերիների փոխանակման համար,- ավելի վաղ իր ուղերձում ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:- Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար»:

Դժվար է ասել, թե վերոնշյալ «բացառապես…»-ին, քանի՞սը հավատացին, բայց, կարծում եմ, չհավատացողները քիչ չեն: Չհավատալու որոշ հիմքեր ուներ նաև տողերիս հեղինակը:

Հետագա իրադարձությունները որոշ առումներով վկայում, որոշ առումներով էլ հուշում են, որ մոսկովյան երեկվա բանակցությունների օրակարգը եղել է հայտարարվածից ավելի լայն: Այն ընդգրկել է ոչ միայն հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով` զոհվածների մարմինների և գերիների փոխանակման համար ռազմական գործողությունները դադարեցնելու, այլև ռազմական գործողություններն ընդհանրապես դադարեցնելու, հրադադարի որոշակի պայմանների վերաբերյալ Ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով սուբստանտիվ բանակցություններ սկսելու, կարգավորման սկզբունքների, միջնորդական առաքելության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմի, բանակցային ձևաչափի ու թերևս նաև այլ խնդիրների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Նկատի ունենանք նաև այն, որ միայն հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով` զոհվածների մարմինների և գերիների փոխանակման համար ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով բանակցությունները չէին կարող այդքան երկար ժամանակ պահանջել: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները  հիշյալ նպատակով ռազմական գործողությունների դադարեցմանը կամ «այո» պետք է ասեին (ինչն արդեն կանխորոշված էր ՌԴ նախագահի հրավերը երկուստեք ընդունելով ու Մոսկվա մեկնելով), կամ «ոչ», «այո»-ի դեպքում պայմանավորվեին ռազմական գործողությունների դադարեցման օրվա, ժամի ու նաև նրա վերաբերյալ, որ փոխանակումը, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, այս դեպքում ևս տեղի է ունենալու «Կարմիր խաչ»-ի միջնորդությամբ և նրա չափորոշիչներին համապատասխան: Այս ամենի համար նույնիսկ րոպեներն էին բավարար, սակայն բանակցությունները տևել են շուրջ 11 ժամ:

Կարելի է ենթադրել, թե բանակցություններն այդքան երկարել են, քանի որ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են նաև այն հարցերի վերաբերյալ, թե իրենցից որևէ մեկի կողմից հրադադարն առաջինը խախտելու դեպքում տվյալ փաստը ո՞ր պետության, կազմակերպության կողմից և ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով պետք է արձանագրվի, պայմանավորվածությունը խախտած կողմի նկատմամբ միջազգային ի՞նչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն: Սակայն ելնելով այն փաստից, որ Ադրբեջանն այսօր ժամը 12-ից հետո համարձակորեն խախտեց հրադադարի պայմանավորվածությունը և այն շարունակեց նաև հետագա ժամերին, կարելի է եզրակացնել, որ վերոնշյալ հարցերի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել:

Ամփոփելով վերը շարադրվածը, մնում է եզրակացնել, որ բանակցություններն այդքան երկարել են, քանի որ դրված է եղել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ինչ-որ «հիմնակմախքի» կամ մի քանի «հիմնակմախքներից» մեկի շուրջ, որպես առաջիկա բանակցությունների մեկնակետ, համաձայնության գալու հարցը: Հասկանալի է, որ միայն խիստ սահմանափակ թվով պաշտոնյաների է հայտնի` այդ առումով Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն եղե՞լ է, թե ոչ, եթե եղել է, ապա այդ պայմանավորվածությունը կողմերին հավասարապե՞ս է ձեռնտու եղել, թե ձեռնտու է եղել նրանցից մեկին…

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների, ավելի ճիշտ, պատերազմի դադարեցման պայմանավորվածության խախտմանը, ապա կասկածից դուրս է, որ դրանում մեծ դեր ունի բանակցությունների արդյունքից դժգոհ Թուրքիան, քանի որ երեկ Մոսկվայում ստորագրված փաստաթղթում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ որևէ խոսք չկա: Հակառակը` հստակ նշված է, որ Հայաստանը և Ադրբեջանը սուբստանտիվ բանակցությունները սկսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, և հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը: Ընդգծենք, որ վերոնշյալ ձևակերպումները բացառում են Թուրքիայի երազանքը` բանակցություններին նրա մասնակցությունը կամ միջամտությունը:

Արթուր Հովհաննիսյան