«Լեռը երկնեց՝ մուկ ծնեց. Ալիևը պատմության մեջ կմտնի որպես փոքրիկ Հայաստանից նվաստացուցիչ պարտություն կրած առաջնորդ». Ալեքսանդր Լապշին

ՌԴ և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին:

«Ինչպես և ենթադրում էի և բազմիցս գրել եմ, Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադարը կնքվեց պատերազմի 13-րդ օրը: Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» և Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման համար ընթացող երկշաբաթյա պատերազմի արդյունքները մեկ առ մեկ ինձ հիշեցրեցին 1973-ին Իսրայելի և արաբական պետությունների միջև Դատաստանի օրվա պատերազմի արդյունքները: Կարճ ասած՝ լիակատար ձախողում»,- գրել է Լապշինը:

Նրա խոսքով, չվերադարձնելով ոչ մի բնակավայր, ունենալով մոտ 5000 զոհ, զրկվելով իր ամբողջ ռազմական տեխնիկայի և ինքնաթիռների 70%-ից, մարտի դաշտում թողնելով սեփական մոտ 1000 վիրավոր զինվորների՝ Ադրբեջանի «հաղթանակած» բանակը, որն ունի մի քանի միլիարդանոց բյուջե և պատերազմում էր Թուրքիայի և Սիրիայից բերված իսլամիստների օգնությամբ, նվաստացած ընդունեց հրադադարը:

«Կարծում եմ՝ դա չի խանգարի հզոր հաղթող Իլհամ Ալիևին հայտարարել՝ «Ղարաբաղ բիզիմդըր», և մարդիկ ուրախ կծափահարեն նրան, իբրև թե իրենց փրկիչն է և ազատագրողը: Եթե իհարկե ներքին ուժերը չշարժվեն տեղից և չձեռնարկեն այն, ինչը վաղուց ծրագրում են անել՝ հեռացնել իշխող էլիտան: Սակայն պարտված և թուլացած Ալիևը, անկախ նրանից, թե ինչ է հայտարարում իր ներքին լսարանին, հարմար գործիք է Ադրբեջանին պարտադրել Բաքվի համար ոչ շահավետ համաձայնագրեր: Քանզի նա գիտի, որ իր դիրքերն ամուր չեն»,- գրում է Լապշինը:

Նրա կարծիքով, եթե նորից զուգահեռներ տանել Եգիպտոսի և Իսրայելի պատերազմի միջև, ապա պատերազմը պարտված նախագահ Անվար Սադաթը թեև դերասանություն էր անում հասարակության համար, իբրև թե ամեն ինչ շատ լավ է, սակայն ճնշվեց ԱՄՆ-ի մոտ և շտապեց ճանաչել Իսրայելը և նրա հետ խաղաղության պայմանագիր կնքեց:

«Արդյունքում Ալիևը պատմության մեջ կմտնի որպես առաջնորդ, որը նվաստացուցիչ պարտություն կրեց փոքրիկ Հայաստանի հետ կռվում՝ չնայած Թուրքիայի և Սիրիայից գրոհայինների աջակցությանը»,-գրել է բլոգերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։