Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։ Այս մասին գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման մասին համաձայնություն էր ձեռք բերվել, սակայն մինչ այս պահը Ադրբեջանը շարունակում է սադրանքները սահմանին։ Րոպեներ առաջ հրետակոծության ենթարկվեց Կապան քաղաքը, ավելի վաղ՝ Ստեփանակերտը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Այդ կերպ նրանք ամեն կերպ փորձում են առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ։

Մոսկվայում գիշերն ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն:

Լավրովը ներկայացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը, ըստ որի.

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։