Դժվար էր պատկերացնել, որ պատերազմի պայմաններում, կարող է այդպիսի ստահակ գտնվել․ Վիկտոր Սողոմոնյան. Yerevan.Today

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am կայքի դեմ հաղորդում ենք ներկայացնում գլխավոր դատախազություն և դարձյալ՝ զրպարտության համար։ ԱԺ պատգամավորին պատկանող կայքը փորձել է արատավորել երկրորդ նախագահին՝ հրապարակելով սուտ տեղեկություն և փորձելով մեծ հնչեղություն տալ, այն էլ՝ ռազմական դրության ժամանակ։

Երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը news.am-ին ասել էր․ «Այդ սուտ տեղեկությունն ուղղված էր հենց Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին և նման պայմաններում հնարավոր բացասական, հուսահատության, հասարակության պառակտման ռիսկերը շատ ավելի մեծ են և վտանգավոր։ Այդ իսկ պատճառով նախագահ Քոչարյանի գրասենյակի համակարգողի և իմ անունից ներկայացվելու է հաղորդում հանցագործության մասին ՀՀ Գլխավոր դատախազին։ Հաղորդման մեջ շատ հստակ վերլուծվում է այն, որ ԶԼՄ-ի կողմից նման բնույթի և բովանդակության հրապարակումը չի կարող մնալ անհետևանք և հենց նման դեպքերում պետք է վրա հասնի ոչ թե քաղաքացիաիրավական, այլ հենց քրեաիրավական հետևանքներ, այդ թվում՝ հաշվի առնելով, որ նման ապատեղեկատվությունը, սադրանքը, նման սուտ տեղեկությունները տարածվում են մեր հանրության մեջ՝ ռազմական դրության պայմաններում։ Նման արարքները պետք է կանխարգելվեն, այդպիսին է նաև միջազգային փորձը, Եվրոպական դատարանի նախադեպերն առ այն, որ խոսքի ազատությունը ևս ունի սահմաններ որոնք չպետք է խախտվեն, և հենց նաև այդ՝ նման դեպքերը կանխարգելելու նպատակով է հաղորդում ներկայացվելու»։

Արամ Վարդևանյանը շեշտում է, որ Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցի կողմից նման հերյուրանք պարունակող հրապարակումը կատարվել է ռազմական դրության պայմաններում, պատերազմական վիճակում և դասական իմաստով խայտառակ, անընդունելի սադրանքի և հանրության մեջ հստակ խուճապ առաջացնելու դրսևորում  է․ «Հրապարակված նյութը ոչ միայն առնչություն չունի խոսքի ազատության հետ, այլ հանդիսանում է քրեորեն հետապնդելի արարք, այն է՝ առնվազն Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի՝ սուտ մատնության հատկանիշներով։ Ի դեպ, պատահական չէ, որ այդ հոդվածը որպես ծանրացնող հանգամանք դիտարկում է այն դեպքերը, երբ անձին սուտ մատնությամբ մեղադրում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ։

Մեկնաբանություն ստանալու համար Yerevan.Today-ը դիմեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։ «Ինչպես գիտեք, այդ հրապարակման վերաբերյալ մենք հանցագործության մասին հաղորդում ենք ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին։ Հուսով եմ, որ այն համապատասխան իրավական գնահատականի կարժանանա և համապատասխան էլ հետևանքներ կունենա այդ կեղծիքի հեղինակների համար։ Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ միայն հիասթափություն ու ափսոսանք հայտնել նման հոդվածի ի հայտ գալու կապակցությամբ։ Դժվար էր պատկերացնել, որ այսօր՝ Արցախում ընթացող հայրենական պատերազմի պայմաններում, կարող է այնպիսի ստահակ գտնվել, ում մտքով կանցնի ինչ-որ դավադրության կամ դավաճանության հետ առնչության մեջ մեղադրել ԼՂՀ և ՀՀ նախկին Նախագահին։ Մարդու, ով գլխավորել է Արցախի Պետական պաշտպանության կոմիտեն»։

Հիշեցնենք, որ զրպարտչական ու արատավորող բնույթի տեղեկություններ հրապարակած կայքը պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին, ով հանդես է գալիս Ադրբեջանի ռազմավարական օբյեկտները ՀՀ պաշտպանության տակ առնելու կոչերով, ով խուսափել է բանակում ծառայությունից և դրա համար կրել պատիժ։ Նշենք, որ Արման Բաբաջանյանի կայքի դեմ մեկ անգամ չէ, որ դատական հայցեր են ներկայացվել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև տարբեր գործիչների կողմից, քանի որ պատգամավորի լրատվամիջոցը վարկաբեկում ու զրպարտում է շատերին։ Այս կայքի դեմ դատերը սովորաբար հօգուտ հայցվորի են վճռվել։

Ինչպես երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանն է հիշեցնում news.am-ի հետ զրույցում, 1in.am-ի պատասխանատուն ներկայում հենց Հայաստանի երկրորդ նախագահի վերաբերյալ հերթական զրպարտչական նյութի հրապարակման և հերքումը չհրապարակելու համար ենթարկվում է քրեական հետապնդման և, փաստաբանի տեղեկություններով, այդ գործն արդեն դատարանի վարույթում է։