Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 1-4-ը․ «Մեդիա Պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 1-4-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 10 հոդված։ Լրատվամիջոցն անդրադարձ է կատարել հակամարտող կողմերի տեսակետներին։ Այն պատրաստել է նաև ռեպորտաժ, որում մեկնաբանը նշում է` «Թեպետ աշխարհը համարում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Հայաստանն է այն ղեկավարում»։

CNN լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 3 ծավալուն հոդված, որոնցում պահված է հավասարակշռությունը։ Գործակալության գրեթե բոլոր հոդվածները պատրաստվում են  հակամարտող կողմերի կարծիքները ներկայացնող լրագրողների և վերլուծաբանների մեկնաբանությունների հիման վրա՝ բացառելով խնդրի միակողմանի լուսաբանումը։

Reuters լրատվական գործակալությունը, ինչպես նշել էինք մեր նախորդ վերլուծականում, Արցախյան հակամարտությունն ամենաակտիվ լուսաբանած միջազգային լրատվականներից մեկն է։ Այն նշված ժամանակահատվածում հրապարակել է 3 տասնյակ հոդված։ Տեղեկատվական բնույթի բազմաթիվ հրապարակումներում այն անդրադարձել է հակամարտող կողմերի հայտարարություններին, ինչպես նաև միջազգային կառույցների և այլ պետությունների արձագանքին։ Մասնավորապես,  հրապարակվել է Ֆրանսիայի՝ Թուրքիային ուղղված մեղադրանքը, առ այն, որ վերջինս Լեռնային Ղարաբաղ սիրիացի վարձկաններ է ուղարկում։ Հրապարակվել է նաև ԱՄՆ-ում հայ համայնքի ցույցը և նրանց՝ Հայաստանին աջակցելու կոչն՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 6 հոդված։ Թեպետ, գործակալությունն իր հոդվածներում փորձում է ներկայացնել հակամարտող կողմերի տեսակետները, ծավալուն հոդվածներում կարելի է հանդիպել ադրբեջանական թեզը հաստատող պնդումներ՝ մասնավորապես ադրբեջանական տարածքների «օկուպացիայի» վերաբերյալ։

Deutsche Welle լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 6 հոդված: Գերմանական առաջատար լրատվամիջոցն իր ծավալուն անդրադարձերում մանրամասն նկարագրել է հակամարտության պատմությունը, հակամարտող կողմերի տեսակետները՝ նշելով, որ կողմերը շարունակում են «հարձակումը» միմյանց վրա։

#Հայաստան #Արցախ #Մեդիա #Մեդիապաշտպան #ՀՀ #Հաղթելուենք #Armenia #Artsakh #ArmeniaStrong #ArtsakhStrong