Էրդողանն ու Պուտինը «գրեթե չեն խոսում միմյանց հետ»

Անդրադառնանք մի հետաքրքիր թեմայի. արդյո՞ք Վլադիմիր Պուտինի մտքում «ինչ-որ բան» հասունացել է «իր ընկերոջ»՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ: Հասկանալի է, որ պետությունների ղեկավարների հարաբերություններում լինում են վերելքներ, բարեկամության և եղբայրության գագաթներ, սակայն լինում են նաև անկումներ: Պուտինի ու Էրդողանի հարաբերությունների բոլոր մանրամասները չեն կարող արտացոլվել հարյուրավոր հոդվածներում, և այդպիսի անհրաժեշտություն էլ չկա: Բայց ակնհայտ է, որ Սիրիայի (և ոչ միայն այս երկրում ռուս զինվորականների սպանությունների) և միջազգային ահաբեկչության պատճառով «հարյուրավոր սև կատուներ են» վազում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև: Էրդողանը չի դադարել «գործիք» լինել ահաբեկիչների թիկունքում գտնվող ուժերի ձեռքում: Եվ այն փաստը, որ Թուրքիան «հանկարծ» Հյուսիսային Սիրիայից Անդրկովկաս է տեղափոխել հազարավոր ահաբեկիչների, դարձել է Վլադիմիր Պուտինի մտքում Էրդողանի «մերժման» արձագանքը (ռեակցիա) սրելու լրացուցիչ գործոն:

Բայց Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խորացման ճգնաժամի վրա ազդում են ոչ միայն Սիրիան, Լիբիան կամ Արցախը: Ամեն ինչ այնքան նկատելի է դարձել, որ այդ մասին գրում են Արևմուտքում և արաբական երկրներում: «Ռուսաստանը, իհարկե, մեր ռազմավարական գործընկերն է: Քանի՞ ժամ կպահանջվի ձեզ Վաշինգտոն հասնելու համար: Որքա՞ն ժամանակ է պետք Մոսկվա մեկնելու համար,- հարցրել է ինձ Թուրքիայի նախագահ Էրդողանը գրեթե 2 տարի առաջ մեկ միջոցառման ժամանակ: – Մենք ունենք համատեղ ռազմավարական ներդրումներ՝ խողովակաշարերից մինչ միջուկային ռեակտորներ: Մենք ընդհանուր շահեր ունենք պաշտպանական արդյունաբերության մեջ, երկկողմ առևտրի և զբոսաշրջության ավելացման և այլն»,- հոկտեմբերի 5-ին գրել է թուրք քաղաքական մեկնաբան Ռագին Սոյլուն «Middle East Eye» արաբական տեղեկատվա-վերլուծական պորտալի էջերում (MEE, Քաթարի մոտ կանգնած ԶԼՄն, կենտրոնակայանը՝ Լոնդոնում): Այն ժամանակ դա նշանավորվել է Էրդողանի և Պուտինի հարաբերությունների ապոգեով. «Նրանք հավանություն էին տալիս հաճախակի հեռախոսազանգերին՝ երկու երկրների համար ռազմավարություն մշակելու համար: Ինչ-որ պահի նրանք հասան փոխվստահության բարձր մակարդակի»:

Սակայն, այնուհետև, ենթադրում է հրատարակության հեղինակը, երկու պետությունների ղեկավարները սկսել են ավելի ու ավելի հեռանալ միմյանցից. «Տասնամյակներ շարունակ Ռուսաստանն ու Թուրքիան ունեին շատ հարցերի շուրջ «համաձայնելու և չհամաձայնելու» միտում: Բայց Էրդողանի և Պուտինի միջև զարգացող հարաբերությունները բացառիկ էին, հատկապես հաշվի առնելով այն, որ 2015-ին նրանց միջև հարաբերությունների լուրջ սառեցում կար (սիրիական երկնքում ռուսական Սու-24 ռմբակոծիչի վրա թուրքական F-16 կործանիչի գրոհից հետո)»։ Նրա կարծիքով, Էրդողանը «վայելում էր իր բարեկամությունը» Պուտինի հետ, քանի որ զգում էր, որ, ի տարբերություն Ամերիկայի նախագահների, Ռուսաստանի ղեկավարը կատարում էր իր խոստումները, այդ թվում նաև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գործարքի շրջանակներում: Այնուամենայնիվ, նախկին վստահությունը սկսել է գոլորշիանալ, քանի որ Ռուսաստանը և Թուրքիան հակասությունների մեջ մտան միանգամից մի քանի տարածաշրջանային խնդիրների շուրջ: Դրանց մեջ Սոյլուն մատնանշում է սիրիական Իդլիբը, Լիբիան և, որպես ամենավերջին դեպքը՝ մեր Արցախը: Նա պնդում է, որ «երկկողմ հարաբերությունների առաջին ճեղքերը սկսել են դրսևորվել հունվարին, երբ Պուտինը չկարողացավ ապահովել խոստացած զինադադարը Լիբիայում»: Էրդողանը սկսել է մեղադրել Ռուսաստանին՝ լիբիական ֆելդմարշալ Խալիֆա Բելկասիմ Հաֆթարի ուժերին սատարելու մեջ, «հյուսիսաֆրիկյան երկրում տեղակայելով «Վագներ» ՄՌԿ վարձկաններին»:

Սակայն Պուտինի և Էրդողանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են փետրվարին՝ սիրիական ճգնաժամի բռնկումից հետո: «Ռուսաստանը շարունակել է սրել իրավիճակը Իդլիբում… Ռազմական գործողությունների զարգացմանը զուգընթաց Էրդողանը ապարդյուն զանգել է Պուտինին: Մինչ Էրդողանը պնդում էր դադարեցնել հարձակումը, Պուտինը պնդում էր, որ սիրիացի զինվորականները հակաահաբեկչական գործողություն են իրականացնում, քանի որ Անկարային չի հաջողվել վտարել ահաբեկչական տարրերին Իդլիբից», – գրում է Սոյլուն:

Էրդողանը, ըստ քաղաքական դիտորդի, սպառնացել է ռազմական պատասխան տալ՝ կորցրած տարածքը վերադարձնելու համար: «Հեռախոսազանգերը լարված էին: Կողմերից ոչ մեկը չնահանջեց: Հաջորդ օրերին Անկարա այցելած ռուսական պատվիրակությունը նույնիսկ խնդրեց թուրքական իշխանություններին դուրս գալ Աֆրինից, ինչը փաստորեն վտանգում է Սիրիայի հյուսիսային սահմանին Թուրքիայի կողմից սահմանված վերահսկողությանը: Փետրվար և մարտ ամիսներին տեղի ունեցած հակամարտության պատճառով ի վերջո զոհվեց ավելի քան 59 թուրք զինվոր: Մի դեպքում, թուրք պաշտոնյաները նշում էին, որ տասնյակ թուրք զինվորներ են սպանվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարձակման հետևանքով»,- նշում է Սոյլուն: Այժմ Էրդողանն ու Պուտինը «գրեթե չեն զրուցում միմյանց հետ», և «ռուս դիվանագետներն ու նրանց թուրք գործընկերները հազվադեպ են փոխըմբռնում ունենում, առավելևս` որևէ հարցի շուրջ համաձայնություն»: «Բայց Սիրիայում և Լիբիայում Էրդողանի արկածախնդրությունը տվել է թուրքական զինվորականներին ռազմական հմտություններ, որոնք նրանք երբեք չեն ունեցել: Հարձակողական անօդաչու թռչող սարքերի և վարձկան գրոհայինների օգտագործումը, որը ամրապնդվում է Թուրքիայի ռազմական կարողություններով, փոխել են հավասարակշռությունը Իդլիբում և Լիբիայում: Անկարան, կարծես, ավելի վստահ է իր արտաքին գործողություններում, քանի որ Էրդողանն ավելի ու ավելի է տագնապում Պուտինի գործողություններից՝ ընդդեմ Թուրքիայի շահերի»:

«Այդ պատճառով Թուրքիան ավելի բացահայտ և անմիջական մասնակցություն ունի Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բախումներին: Էրդողանն այս անգամ հետ չմնաց, երբ Բաքուն օգնություն խնդրեց: Անկարան, կարծես, ավելի վստահ է իր արտաքին գործողություններում», – ասում է փորձագետ Սոյլուն: Նրա խոսքերով՝ «Էրդողանը վերջապես Պուտինի մեջ տեսավ ռուսական արջին, և այժմ նա ըստ այդմ շարժվում է՝ անհանգստացնելով Մոսկվային, քանի որ կարծում է, որ Ռուսաստանն այլևս չի մտահոգվում Թուրքիայի շահերով»: Մենք կարող ենք ավելացնել միայն երկու նրբություն. 1) երբ արջերին «անհանգստացնում են ձմեռելուց առաջ» կամ արթնացնում են «ձմեռելու ժամանակ», ոչ ոք ի վիճակի չէ կանգնեցնել զայրացած արջին. 2) երբ զայրացած արջի կողքին «հանկարծ» կանգնի նյարդայնացած բնության Արքաներից արքան՝ առյուծը, ավելի լավ կլինի, որ Էրդողանի նման արկածախնդիրները կամովին համաձայնեն կտոր-կտոր պատառոտվել:

Սերգեյ Շաքարյանց