Միջազգայնորեն ընդունված հայ-ադրբեջանական «հակամարտություն» ձևաչափը սխալ է բնութագրում իրավիճակը Համահայկական ազգային համաձայնության հայտարարությունը

Համահայկական ազգային համաձայնությունն աշխարհասփյուռ հայկական բոլոր կազմակերպություններին կոչ է անում իրենց քարոզչությունը և տարբեր երկրների ղեկավար մարմիններին իրենց պահանջները ձևակերպել հետևյալ կերպ․

«Ադրբեջանի իշխանությունները, ինչպես այսօր, այնպես էլ երեսուն տարի շարունակ, չե՛ն ընդունել Արցախի ժողովրդին որպես բանակցային կողմ և նույնիսկ երբևէ չե՛ն փորձել երկխոսել Արցախում ապրող ժողովրդի հետ։ Փոխարենը, Ադրբեջանի բոլոր ժամանակների իշխանությունները՝ սկսած 1990-ական թվականներից առ այսօր, շարունակաբար փորձում են էթնիկապես «մաքրել» Արցախի տարածքը հայ բնակչությունից։ Եվ այսօր, Թուրքիայի կողմից հրահրված Արցախ-ադրբեջանական պատերազմը, երբ Ադրբեջանի ղեկավարության հրամանով ռմբակոծվում են Արցախի մայրաքաղաքն ու Արցախի մյուս բնակավայրերը, հստակ ցուցում է, որ Արցախի բնակչությունը Հայաստանի Հանրապետության օգնությամբ բռնված է միմիայն գոյապահպանման մարտի՝ պաշտպանելով իր կյանքի՛ իրավունքը, իր իսկ պատմական հայրենիքում ապրելո՛ւ իրավունքը։ Եվ փաստորեն, միջազգայնորեն ընդունված  հայ-ադրբեջանական «հակամարտություն» ձևաչափը սխալ է բնութագրում այս իրավիճակը։

Ադրբեջանի ղեկավարությունն ուղղակի փորձում է իսպառ ոչնչացել Արցախի ներկա բնակչությանը։ Սա նշանակում է, որ ՄԻՆՍԿ-ի խմբի շրջանակներում որևէ բանակցային գործընթաց, որտեղ նշված է Արցախի ինքնորոշման իրավունքի փուլային իրականացում կամ հետագա գործընթաց, Ադրբեջանի որևէ պարտավորվածությամբ, անիրագործելի՛ է։ Ադրբեջանի ռազմաքաղաքական նպատակը Արցախի ներկա բնակչության ոչնչացումն է։ Եվ Ադրբեջանի ագրեսիան ու պատերազմի դադարումը հնարավոր է միայն ազգերի ինքնորոշման իրավունքի գործարկմամբ՝ Արցախի Հանրապետության անկախության առաջնահերթ ճանաչումով»։