Առանց Արցախի մասնակցության որևէ բանակցություն որևէ հեռանկար այլևս չի կարող ունենալ (տեսանյութ)

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Արցախի հանրապետության ճանաչման հարցին՝  նշեց, որ Արցախի հանրապետության անկախությունը ճանաչելու գործընթացում արդեն նկատելի է, որ նույնիսկ առանձին խորհրդարանների պատգամավորները խոսում են այդ մասին: «Դա մի պրոցես է, և այդ պրոցեսը գնալու է՝ այդ ուղղությամբ հաշվի առնելով Թուրքիայի շատ ակտիվ ներգրավվածությունը այս գործընթացների մեջ: Վերջին հաշվով սա գոյամարտ է, այսինքն այստեղ գոյության կռիվ է գնում, և գոյությունը պահպանելու համար պետք է Արցախը ճանաչվի և ճանաչման հետ մեկտեղը ինքը կունենա անվտանգության ավելի բարձր աստիճան»:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք բանակցությունների ձևաչափում հնարավոր է փոփոխություն, մասնավորպես Թուրքիայի ներգրավումը Մինսկի խմբի համանախագահ երկրների ցանկում, իսկ Արցախի ներգրավումը որպես բանակցային կողմ՝ նշեց, որ Թուրքիան իր պահվածքով Մինսկի խմբում լինելու իր հեռանկարը ոչնչացնում է, որովհետև, ըստ էության, հանդես է գալիս հակամարտող կողմ՝ իր սպառազինութամբ, բանակի ներգրավվածությամբ, ավելին՝ արդեն բացահայտված է թուրքական զինուժի ակտիվ մասնակցությունը նաև կառավարման գործընթացում:

Ինչ վերաբերում է նրան, Արցախը պե՞տք է մասնակցի բանակցություններին, Քոչարյանն ասաց. «Ակնհայտ է, որ Արցախի դեմ է լայնածավալ պատերազմ և բնականաբար Արցախի մասնակցությունը օրհասական է, առանց Արցախի մասնակցության որևէ բանակցություն որևէ հեռանկար այլևս չի կարող ունենալ»:

Քոչարյանն անդրադառնալով այն հարցին, որ արդյո՞ք ՌԴ-ն որպես դաշնակից երկիր համարժեք է արձագանքում այստեղ տեղի ունեցող իրադարձություններին՝ նշեց, որ շատ կարևոր հայտարարություններ եղել են նույնիսկ մինչև ՌԴ նախագահի կողմից հնչեցրած հայտարարությունները. «Հայտարարություններ են եղել ԱԳՆ-ի կողմից, կարևոր էր նրանց արտաքին հետախուզության պետի փաստարկված տեղեկատվությունը՝ ահաբեկչական խմբերի վերաբերյալ, երբ նշվեց նրանց անունները, ինչով էլ հաստատվեց այն ամենը, որ աշխարհի համար մարտահրավեր է սա: Վերջին հաշվով ՌԴ նախագահի գնահատականները Ռուսաստանի և մեր պարտավորությունների մասին շատ կարևոր և զսպող էր, որ գայթակղություն չունենա պարոն Էրդողանը հրահրել հակառակորդին իր բալիստիկ հրթիռները կոդավորել դեպի Հայաստանի տարածք»:

Մանրամասները՝  տեսանյութում