Առավոտյան հակառակորդը գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով տեխնիկա, տալով 20-ից ավելի զոհ, գումարտակի կազմով Ջաբրայիլի մատույցներից դիմել է փախուստի․ ՀՀ ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր:

Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

«Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ:

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։