Սոցփաթեթի շահառուները կարող են այդ գումարը փոխանցել նաև Համահայկական հիմնադրամին. ԱԺ-ն ընդունեց օրենքը

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում շահառուներին սոցփաթեթի իրենց գումարները փոխանցել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրերի իրականացմանը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը երեկ՝ առաջին ընթերցման ժամանակ նշեց, որ սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիներ ցանկանում են մասնակցել ռազմական դրության արդյունքում պետական կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին: Ուստի, ըստ զեկուցողի՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ օրենքում կատարվում են լրացումներ, որով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն կընձեռվի սոցփաթեթի գումարներն ուղղել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը:

Ներկայումս սոցիալական փաթեթի ուղղությունները սահմանված են օրենքով և դրանից բացի այլ ուղղություններով նշված գումարները չեն կարող օգտագործվել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նպատակահարմար է համարվում օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով հնարավորություն ընձեռել սոցիալական փաթեթի գումարներն ուղղել նաև վերոնշյալ ծրագրերն իրականացնող հիմնադրամներին: Ընդ որում, հետագա հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով, սահմանվում է նաև, որ այն հիմնադրամը, որին կթույլատրվի վճարում կատարել, պետք է սահմանված լինի Կառավարության որոշմամբ: