Հայ մտավորականները տեսաուղերձով դիմում են աշխարհին. մեզ վրա հարձակվել են (տեսանյութ)

Հայաստանում և օտար երկրներում ապրող, ստեղծագործող արվեստի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ համացանցում հրապարակված տեսաուղերձով աշխարհին են պատմում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների մասին՝ քաղաքակիրթ հասարակությանը կոչ անելով դատապարտել ագրեսորների ահաբեկչական քայլերը:

Նախաձեռնությանը մասնակցում են օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը, դիրիժոր Կարեն Դուրգարյանը, քանդակագործ Վիգեն Ավետիսը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, դերասաններ Արթուր Կարապետյանը, Մկրտիչ Արզումանյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, գրող Նարինե Աբգարյանը, դերասանուհի Սաթիկ Հախնազարյանը:

«Մեզ վրա հարձակվել են: Հայաստանը ձեզ հայտնի է իր հնամյա պատմությամբ և մշակույթով, ձեր երկրներում ապրող  ծաղկուն հայկական համայնքներով:  Ցավալիորեն, այն հայտնի է նաև 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության պատճառով: Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի բռնակալները լայնածավալ ագրեսիվ պատերազմ են սանձազերծել Հայաստանի և Արցախի դեմ, ինչը հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր է խլում: Չնայած միջազգային հանրության, այդ թվում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների՝ խաղաղության հաստատմանն ուղղված միաձայն կոչերին, նրանք մտադիր չեն դադարեցնել պատերազմը»,-նշում են նրանք:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր: