Մեր միասնական սխրանքով ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն. Արցախի նախագահ

Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը: Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով:

Համոզված եմ, որ աշխարհում այլևս չկա որևէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։ Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում, ստիպում մեր թշնամուն հաշվի նստել իր իսկ ստեղծած առասպելների տապալման հետ։

Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար: Իրենց նվիրումով են աչքի ընկնում մեր բոլոր հայրենակիցները՝ թե՛ Արցախում, թե՛ Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Անգամ այս հաղթական պահերին էլ չպետք է թուլացնել զգոնությունը, պետք է շարունակել գործել սթափ ու հստակ՝ որպես նպատակ մեր ազգային ձգտումների իրականացումն ունենալով:

Ես վստահ եմ, որ մեր այս ազատամարտն ըստ արժանվույն է գնահատվելու մեր ժողովրդի ապագա բոլոր սերունդների կողմից: Վստահեցնում եմ, որ միասնաբար անելու ենք ամեն ինչ մեր համազգային իղձերն ու նպատակները իրականացնելու համար:

Մեր միասնական սխրանքով ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն, ևս մեկ անգամ փաստեցինք, որ Արցախը հավերժ է:

Կեցցե՛ մեր բանակը,

Կեցցե՛ մեր ժողովուրդը,

Կեցցե՛ մեր ազգային միասնությունը»,- գրել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3754 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։