Մենք չենք կարող թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում․ Ռոհանին՝ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հակամարտությանն ու տարածաշրջանում անվտանգության ապահովման անհրաժեշտությանը, ասել է, որ ռազմական գործողությունները հարցի լուծում չեն, հաղորդում է iranpress.com-ը։

«Կրակը, պատերազմը և արյունը լուծում չեն: Մենք շատ ցավում ենք այս հակամարտության համար: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի այդ արկերը հայտնվեն մեր սահմաններին, ոչ էլ կարող ենք թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում՝ այս հակամարտության պատրվակի տակ։ Ահաբեկչությունը, որին զոհ է գնացել գեներալ Սոլեյմանին, պարտված է տարածաշրջանում»,- ասել է Ռոհանին։

Նա հավելել է, որ հակամարտությունը չի կարող վերաճել տարածաշրջանային պատերազմի:

Ռոհանիի խոսքով՝ պատերազմը խնդիրը լուծելու ճանապարհ չէ: Տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար կարելի է գտնել քաղաքական և խաղաղ ուղիներ:

«Այսօր մենք տնտեսական պատերազմի մեջ ենք, և մենք բոլորս պետք է միասնական լինենք, ինչպես ութամյա պատերազմի ժամանակ»,- նշել է Ռոհանին: