ԼՂ հակամարտության շուրջ Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած պահանջները դժվարիրագործելի են. Ժոզեպ Բորելի ելույթը Եվրախորհրդարանում

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բանակցությունների վերսկսման համար Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած պահանջները դժվարիրագործելի են:

«Ինձ նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցի ընթացքում ասվածն է շատ անհանգստացնում: Նա նշել է, որ մարտերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղից դուրս գալու կոնկրետ ժամանակացույցին չի համաձայնել: Բանակցությունների վերսկսման համար այս պայմանը շատ բարդ է, և իրավիճակն ամեն օր վատթարանում է»,- նշել է Բորելը:

Նա նաև հավելել է, որ չափազանց անհանգստացած է նրանով, որ «Թուրքիան լիարժեք աջակցում է Բաքվին»:

Նշենք, որ Եվրախորհրդարանը հոկտեմբերի 7-ի լիագումար նիստի շրջանակներում քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը:

Ինչպես նշվում է Եվրախորհրդարանի կայքում, օրակարգում է «ռազմական բախումների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։