Իրանը կներքաշվի՞ պատերազմի մեջ՝ ընդդեմ ահաբեկչական խմբավորումների (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։ Այսօր Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանում՝ փորձում են առաջ շարժվել: Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին՝ կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների հետևանքով ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Իլհամ Ալիևն էլ  իրանական «Նասր» լրատվամիջոցին հայտնել է, որ իրենք ցանկանում են Իրանի և Ղարաբաղի միջև ողջ սահմանը ազատագրել և իրենց ուժերը տեղակայել այնտեղ։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իրանը կտրուկ հայտարարեց՝ Իրանի սահմանին ցանկացած ոտնձգությանը կոշտ պատասխան է տրվելու թե Հայաստանին, թե ադրբեջանին։ Նման  սադրիչ գործողություններով ադրբեջանը՝ Թուրքիայի հրահրմամբ, արդյո՞ք փորձում է Իրանին ևս ներքաշել պատերազմի մեջ, թե հայկական կողմին պարտադրելով կրակ բացել Իրանի ուղղությամբ՝ ձգտում է Հայաստանի և Իրանի միջև լարվածություն առաջացնել։

Ո՞ւմ է ձեռնտու Իրանի մասնակցությունը պատերազմին։ Վերլուծաբանի կարծիքով՝ այս ամենի հետևում երևում են Իսրայելի ականջները։

Հոկտեմբերի 4-ին Իրանի Մաժլեսի պատգամավորների մի մեծ խումբ է ժամանել Արցախի Հանրապետության սահման: Վերադառնալով Թեհրան՝ պատգամավորները խորհրդարան կներկայացնեն պատերազմի վերաբերյալ Մաժլեսի որոշման նախագիծը։ Ի՞նչ նախագծի մասին է խոսքը։

Իրանի ԱԳՆ-ը պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզոդան հայտնել է, որ Իրանը նախապատրաստել է ծրագիր՝ վերջ տալու Ադրբեջանի և Հայաստանի զինված հակամարտությանը: Ի՞նչ քայլեր կարող է անել Իրանն այդ ուղղությամբ և որքանո՞վ է նա իրավասու նման առաքելություն ստանձնել։

Ինչո՞ւ է Իրանն իր պաշտոնական դիրքորոշմամբ աջակցում ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Իրանի աշխույժ դերախաղացումը տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում. Իրանը կստանձնի՞ նման պարտավորություն և կմիանա՞ Ռուսաստանին այդ հարցում՝ կոալիցիա ձևավորելով։

Մանրամասները՝ տեսանյութում