Մենք շատ ուրախ ենք, որ Իրանը կատարում է համապատասխան քայլեր, և ոչ միայն քաղաքական. Արծրուն Հովհաննիսյան

Մեր ԶՈՒ-ն շարունակում է իր ազատագրական հաջողությունների շղթան. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սա ծանր պատերազմ է, իրավիճակներ կան, երբ կարող են լինել մեծ հաջողություններ, կարող են լինել դժվարություններ, նահանջներ, թևանցումներ, շրջանցումներ, բայց հաղթանակը մերն է լինելու»,-ասաց նա:

Անդրադառնալով դիրքային փոփոխություններին՝ Հովհաննիսյանը նշեց, որ երբ խոսքը տասնյակ հազարավոր զորքի, Ադրբեջանի ամբողջ զինված ուժերի, այդ թվում՝ ծովուժի, սահմանապահների, հատուկ ծառայություններից հավաքված բոլոր զորքերի միասնական հարձակման մասին է, որը ջախջախվում ու հետ է շպրտվում, 1-2 դիրքը, 1-2 կմ աջուձախը ոչինչ չի  որոշում:

«Սա 15-20 տարիների խրամատային իրավիճակը չէ, երբ մեկ դիրք առաջ, մեկ դիրք հետը ինչ-որ բան էր որոշում: Սա լուրջ զորախմբերի մասին է: Երբ դիմացդ գալիս է 200-300 տանկ, դրա խնդիրը տասնյակ կիլոմետրերն են, ոչ թե 1-2 կմ-ը»,-ասաց Հովհաննիսյանը:

Վերջինս, Ջերբրայիլի հատվածին անդրադառնալով, ասաց. «Կարելի է ասել՝ գլխովին ջախջախվել է հակառակորդի երեք բրիգադ՝ իր ամբողջ հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, անձնակազմով, մոտ 60 դիակ թողել են դաշտում, մնացածը անհասկանալի է՝ ինչ վիճակում են, մնացորդներն ուղղակի փախել են դաշտից»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե ՊԲ-ը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ, դիրքեր է ազատագրել:

ՊՆ ներկայացուցիչը նաև հայտարարեց՝ միջազգային որևէ կառույց, պետություն, որը Ադրբեջանին դաշնակից չէ, չի կասկածում, որ ահաբեկչական կազմակերպությունները օգնում են Ադրբեջանին Թուրքիայի ձեռքով:

Նա նաև վերահաստատեց, որ Իրանի սահմանը կարող է վտանգվել, որովհետև, ինչպես ավանդաբար պրակտիկայում եղել է, երբ հակառակորդը ջախջախվում է, փախչում է Իրանի տարածք կամ այն օգտագործում. «Եվ մենք շատ ուրախ ենք, որ Իրանը դա լավ գիտակցում է և կատարում է համապատասխան քայլեր, և ոչ միայն քաղաքական»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Հովհաննիսյանը նշեց, թե այն հարաբերական հանգիստ է, ակտիվ մարտական գործողություններ չկան: