ՌԴ Դաշնային խորհուրդն արդեն թույլ է տվել ռուս-թուրքական պատերազմ, Թուրքիան թող սա չմոռանա

Թող չփորձեն հայի կյանքը վերածել դժոխքի, նրանց կյանքը կդառնա դժոխք: Սա վերաբերում է և Ադրբեջանին, և նրա հովանավոր ու աջակից Թուրքիային:

Արցախում գիշերվա հարաբերական կայուն վիճակից հետո (ինչպես գիտեք, անցած գիշեր և այսօր առավոտվա դրությամբ Ստեփանակերտի վրա որևէ արկ կամ հրթիռ չի արձակվել) այդ կապակցությամբ երկու ենթադրություն առաջացավ. կամ Ադրբեջանը բանակցությունների մեջ էր և սկսել էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երեկվա համատեղ հայտարարությամբ արված կոչին, կամ, ինչն ավելի հավանական էր թվում, լայնամասշտաբ նոր հարձակումից առաջ վերախմբավորում էր իր ուժերը և նրանց հընթացս կարճատև հանգստի հնարավորություն տալիս: Իրականությանը համապատասխանեց հենց այս վերջին ենթադրությունը:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Facebook»-ի իր էջում այսօր կեսօրից հետո «Բարի գալուստ դժոխք» դիպուկ վերտառության ներքո գրել է. «Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը:

Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ»:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ իր հերթին տեղեկացրեց, որ «Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը»:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնեց, որ թշնամին վերսկսելով մայրաքաղաք Ստեփանակերտի  հրետակոծումը, նորից թիրախավորել է խաղաղ բնակչությանը:

«Որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանը, ընդամենը րոպեների հարց է»,- հավաստել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.

«Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։

Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար:

Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

շատ ուշագրավ ու կարևոր հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: ՌՏ-ի փոխանցմամբ, Նարիշկինը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր զինյալներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի: Ուշադրություն դարձրեք` ոչ թե ինչ-որ 300-350 կամ հարյուրավոր, այլ հազարավոր: Պարոն Նարիշկինի հայտարարությունը հաստատում է ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակված տեղեկությունները, որ Մերձավոր Արևելքից 4000 վարձկաններ և միջազգային ահաբեկիչներ են տեղափոխվել Ադրբեջան, հակամարտության գոտի` հայերի դեմ կռվելու համար: Դրանից անցել է շուրջ մեկ շաբաթ, և բացառված չէ, որ հիմա նրանց թիվը 4000-ից էլ ավելին է:

Երբ Թուրքիայի գործուն աջակցությամբ հայերի դեմ Ադրբեջանի ներկայիս պատերազմի կրակը ոչ թե հանգչում, այլ բորբոքվում է, ներկայիս քաղաքական, ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակից բխող բոլոր տրամաբանական վերլուծությունները հուշում են, որ այժմյան պատերազմը կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի: Ռուսաստանը չուզենալով հանդերձ, հարկադրված է լինելու ներքաշվել Թուրքիայի դեմ պատերազմի մեջ, եթե Հայաստանի նկատմամբ լայնամասշտաբ հարձակում իրականացվի: ՌԴ Դաշնային խորհուրդը դեռ 2016թ. մեկ այլ` Սիրիայի առնչությամբ արդեն թույլ է տվել ռուս-թուրքական պատերազմ: Թուրքիան թող սա չմոռանա:

2016թ. փետրվարին Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարելով, որ Սիրիայի դեմ Թուրքիայի ագրեսիվ գործողությունները կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ պատերազմի, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ ասել է. «Թուրքիան պետք է իմանա, որ Արևմուտքի աջակցությունը երաշխավորված չէ»:

Կոսաչովը հավելել է, որ լիակատար պատերազմի վտանգ կա` Իրանի և, առավել ևս, Ռուսաստանի հավանական մասնակցությամբ, որն արդեն ապացուցել է իր ուժը, ինչպես նաև դրա օգտագործման պատրաստակամությունը և ունակությունը»:

Այն ժամանակ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց միջազգային ահաբեկչությանը Թուրքիայի քողարկված աջակցության ու նրա կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի խախտման մասին: Նկատենք, որ այդ ահաբեկչությունն այնքան էլ քողարկված չէ, ինչպես և այժմ…

«Եթե մենք քրդերին զենք տանք (Ռուսաստանը բազմիցս նշել է, որ դա դեռ չի անում, բայց Սիրիային և Իրաքին ոչինչ չի խանգարում դա անել), ապա նրանց ուժերը կդառնան լուրջ խոչընդոտ Թուրքիայի ծրագրերի համար, նույնիսկ առանց Ռուսաստանի Դաշնության ուղղակի միջամտության»,- այն ժամանակ ասել է Դաշնային խորհրդի հիշյալ կոմիտեի ղեկավարը և նշել քրդերի կողմից պարտիզանական պատերազմի հնարավորության մասին:

Գուցե արդեն եկե՞լ է դրա ժամանակը` որպես Թուրքիային ուղղված  նախազգուշացում:

Արթուր Հովհաննիսյան