Թեհրան. «Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, նույնիսկ ոչ կանխամտածված, անթույլատրելի է»

Հոկտեմբերի 4-ին Իրանի Մաժլեսի (խորհրդարանի) պատգամավորների մի մեծ խումբ է ժամանել Արցախի Հանրապետության սահման: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ խորհրդարանականներն ուսումնասիրել են իրավիճակը պատերազմական գոտուն մոտ գտնվող տարածքներում: Դատելով որոշ անուններից՝ այս պատվիրակության անդամների մեծ մասը պատգամավորներ են, որոնք մասնակցում են Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին: Իրանական կողմը պնդում է, որ վերջին օրերին «կովկասյան թաթարների» կողմից ավելի քան 20 ականանետային արկ է հարվածել Արդաբիլ նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող իրանական Ասլանդոզ շրջանում: Եվ պետք է հասկանանք, որ այս այցը նախատեսված է ոչ միայն իրավիճակն ուսումնասիրելու համար: Վերադառնալով Թեհրան՝ պատգամավորները խորհրդարան կներկայացնեն պատերազմի վերաբերյալ Մաժլեսի որոշման նախագիծը…

Միևնույն ժամանակ, Արևելյան Ադրբեջան իրանական նահանգի բարձրաստիճան պաշտոնյան՝ Արևելյան Ադրբեջանի գեներալ նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Ալիյար Ռաստգուն պատմել է, որ Իրանը նախազգուշացումներ է արել երկու հակամարտող երկրներին՝ կապված իրանական գյուղերի վրա ականանետային հարձակումների հետևանքների հետ: Նա IRNA գործակալությանը հայտնել է, որ նահանգի գերագույն մարմինը նույնպես նամակ է ուղարկել Իրանի ԱԳՆ` խնդրելով հարցը քննարկել դիվանագիտական ​​ուղիներով: Պարոն Ռաստգուն (ով, ի դեպ, ներկայացնում է Իրանի ԻՀՊԿ) ևս մեկ անգամ հիշեցրել է աշխարհին և տարածաշրջանի երկրներին, որ իրանցի զինվորականները ներկա են տարածաշրջանում և ուշադիր հետևում են իրավիճակին:

Իրանի ԱԳՆ-ը պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզոդան նաև նախազգուշացրել է պատերազմող կողմերին, որ Թեհրանը ուշադիր հետևում է սահմաններում բոլոր տեղաշարժերին՝ կրկնելով, որ Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է: Նա շեշտել է, որ հակամարտող երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն հակամարտությունը և սկսեն լուրջ և սահմանափակ ժամկետներով բանակցություններ. «Անթույլատրելի է Ադրբեջանի կամ Հայաստանի կողմից Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, նույնիսկ՝ ոչ կանխամտածված»: Խոսնակը նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը` օգնելու երկու կողմերին էլ այդ նպատակներին հասնելու համար: Եվ արդեն հոկտեմբերի 5-ին նա հայտնել է, որ Իրանը նախապատրաստել է ծրագիր՝ վերջ տալու Ադրբեջանի և Հայաստանի զինված հակամարտությանը: Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը կրկնել է Թեհրանի պատրաստակամությունը` ամեն ջանք գործադրելու ղարաբաղյան կարգավորման շուտափույթ հրադադարի և բանակցությունների վերսկսման համար,- հաղորդում է IRNA-ն. «Իրանի կողմից նախապատրաստված՝ հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը, նախատեսում է ռազմական ուժերի դուրսբերում ռազմական գործողությունների գոտիներից և բանակցությունների մեկնարկ»: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել դադարեցնել պատերազմը հյուսիսային սահմաններին և հակամարտության երկու կողմերի կողմից խաղաղ բնակչության իրավունքների պահպանումը. «Իրանի սահմաններին բախումներն անընդունելի են, մենք արդեն կոչ ենք արել մեր հարևաններին նախազգուշական միջոցներ ձեռնարկել այս կապակցությամբ»: Թեհրանի դիրքորոշումը կարծրանում է, ինչը կարելի է տեսնել պարոն Խատիբզոդայի` հոկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին արված հայտարարությունների համեմատությունից: Դժվար թե ինչ-որ մեկը ի վիճակի լինի կանխատեսել, թե ինչ լեզվով կխոսեն իրանցիները, եթե Բաքուն որոշի կրկին անտեսել Իրանի ղեկավարության և ռազմական հրամանատարության նախազգուշացումները:

Ամփոփելով՝ կարծիք հայտնենք. պատահական չէ, որ հենց պատերազմի օրերին (Իրանի հետ սահմանին) Ռուսաստանը հանդես է եկել հայտարարություններով՝ Իրան Ս-400 զենիթահրթիռային համակարգեր (ԶՀՀ) մատակարարելու վերաբերյալ: Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևոն Ջագարյանը հայտարարել է, որ Մոսկվան ճանաչում է ռազմամթերքի վերաբերյալ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ժամկետի ավարտը հոկտեմբերի 18-ին և պատրաստ է իրանցիներին մատակարարել իր Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը: «Մենք առաջին օրվանից հայտարարել ենք, որ հոկտեմբերի 19-ից Իրանին զենք վաճառելու հետ կապված խնդիրներ չեն առաջանա», – ասել է Ջագարյանը՝ «Resalat» իրանալեզու թերթին տված հարցազրույցում: Նա շեշտել է, որ Ռուսաստանը չի վախենում ԱՄՆ սպառնալիքներից և հավատարիմ կմնա իր ստանձնած պարտավորություններին՝ ավելացնելով, որ Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել իրանական կողմի առաջարկները՝ հոկտեմբերի 18-ից հետո Ռուսաստանից զենք գնելու վերաբերյալ. «Ինչպես գիտեք, մենք Իրան ենք մատակարարել Ս-300-ները: Ռուսաստանը խնդիրներ չունի Իրան Ս-400-ի մատակարարման հետ կապված»: Ժամանակակից աշխարհում պատահականություններ չկան. ամեն ինչ ունի բացատրություն և ամեն ինչ փոխկապակցված է: Հետևաբար, Արցախը և Հայաստանը իրավունք ունեն շուտափույթ օգնություն ակնկալել Իրանից և Ռուսաստանից՝ Անդրկովկասում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

Սերգեյ Շաքարյանց