ԵԱՀԿ ԽՎ նախագահը կոչ է արել ԼՂ հակամարտության գոտում և դրանից դուրս շարունակվող արյունահեղությունը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրանից դուրս շարունակվող արյունահեղությունը: Այս մասին ասված է ԵԱՀԿ ԽՎ տարածած հաղորդագրության մեջ:

Ծերեթելին կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները` ի շահ քաղաքացիական բնակչության: Նախորդ շաբաթվա ընթացքում նա ուղիղ կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ, ընդգծել ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը ու կոչ արել երկու կողմերին` վերսկսել բանակցային գործընթացը:

«Մենք, ինչպես նախկինում, լրջորեն մտահոգված ենք հակամարտության գոտում զոհերի թվի ավելացման մասին հաղորդագրություններով, մասնավորապես տեղի բնակչության վրա ունեցած հետևանքներով, որոնք, չնայած քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորություններին, շարունակում են տառապել շարունակվող ռազմական գործողություններից»,- հայտարարել է Ծերեթելին:

Գեորգի Ծերեթելին ընդգծել է, որ լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև այդ երկրների նախագահների ու Արտաքին գործերի նախարարությունների կոչերին՝ դադարեցնել կրակը։

ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաև մտահոգություն է հայտնել արգելված կասետային ռումբերի կիրառման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ՝ նշելով, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը 2008թ. ընդունել է բանաձև, որում կոչ է արել ԵԱՀԿ բոլոր անդամ պետություններին արգելել կասետային զենքերի կիրառումը, արտադրությունը, ձեռքբերումը, պահպանումը կամ փոխանցումը:

Ծերեթելին բոլոր կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ այդ զենքի կիրառումից և ամբողջովին պահպանել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության միջազգային իրավունքի պահանջները։

«Միանգամայն անընդունելի է, որ տարածաշրջանում կան կարևոր ենթակառուցվածքների ոչնչացման սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել հումանիտար աղետների։ Ուժի շարունակական կիրառումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք շարունակելու ենք մեր բոլոր ջանքերը ներդնել՝ նպաստելու հաշտեցման քաղաքական կամքի ձևավորմանը»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների հարթակ տրամադրել կողմերի խորհրդարանականներին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների: