Եզդիական համայնքը շտապօգնության մեքենաներ է հասցրել Հայաստանի սահման և ՊԲ-ին է տրամադրելու. Ռուստամ Բաքոյան

ՀՀ ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշեց, որ ուրախ է, որ եզդիները հայկական սփյուռքի հետ մեկ բռունցք դարձած՝ մի քանի ճակատով շատ լուրջ աշխատում են:

Նա հայտնեց, որ եզդիական համայնքը շտապօգնության մեքենաներ է արդեն հասցրել Հայաստանի սահման և Պաշտպանության բանակին է տրամադրելու: Դիմելով Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, նա ասաց. «Մենք աջակցում ենք ձեզ, որ ձեր պետականությունը ստեղծեք: Դուք ապրում եք ձեր պատմական հայրենիքում և իրավունք ունեք ինքնորոշվելու: Երկիրը չպետք է Ադրբեջան կոչվի, այլ պետք է թալիշների կամ լեզգիների երկիր համարվի»,-ասաց նա:

Ռուստամ Բաքոյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի կողմից Սիրիայից եկած ահաբեկիչներ են մասնակցում մարտերին հարավից: «Հենց հարավում նաև այս պահին եզդիական ջոկատն է մարտեր մղում նրանց դեմ: Ուզում եմ հիշեցնել այդ սիրիացի վարձկաններին՝ եզդիները պարտք ունեն և այդ պարտքը մարտի դաշտում իրենց տալու են 2014-ին Սինջարում եզդիների ցեղասպանության համար: Մենք հետ չենք կանգնելու, մեր գործն արդար է, հաղթելու ենք, գնում ենք դեպի հաղթանակ»,-նշեց Ռուստամ Բաքոյանը: