Էրդողանը ԼՂ-ում պատերազմի պատճառով ՆԱՏՕ-ի հետ բախման ճանապարհին է․ Arab News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի հետ բախման ճանապարհին է, գրում է Arab News-ը` հիշեցնելով, որ նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Անկարային կոչ է արել հանդարտեցնել ԼՂ-ում վերսկսված հակամարտությունը։

Մեջբերելով Ստոլտենբերգի նախօրեին Անկարա այցելության ժամանակ արված հայտարարությունը, թե «ՆԱՏՕ-Ն ակնկալում է, որ Թուրքիան իր զգալի ազդեցությունը կօգտագործի լարվածությունը թուլացնելու համար», թերթն ընդգծում է, որ Ստոլտենբերգի հետ բանակցություններից մի քանի րոպե առաջ Էրդողանը կոչ էր արել Ադրբեջանին ԼՂ-ում շարունակել ագրեսիան։

«Ստոլտենբերգի կոչն անսովոր է, քանի որ ՆԱՏՕ-ն նախկինում անզոր էր թվում Սիրիա թուրքական ներխուժումների դեմ, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության զանգվածային տառապանքներին»,- թերթին ասել է մերձավորարևելյան հաշվետվությունների և վերլուծության կենտրոնի գործադիր տնօրեն Սեթ Ֆրանցմանը։

Թերթի հետ զրույցում Ֆրանցմանը նաև ընդգծել է, որ Թուրքիան Կովկասում բռնությունը սնուցող գլխավոր երկիրն է, իսկ Ադրբեջանը զգում է, որ հզոր դաշնակից ունի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրետանային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։