Ասադը հաստատել է, որ Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխում ԼՂ հակամարտության գոտի

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, և Դամասկոսը կարող է դա հաստատել:

«Մենք միանգամայն կարող ենք հաստատել դա, բայց ոչ այն պատճառով, որ ապացույցներ ունենք։ Երբեմն ապացույցներ չկան, բայց կան դրա ցուցումները»,- ասել է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է հաստատել, որ Սիրիայում կռվող խմբավորումներից ահաբեկիչները տեղափոխվում են հայ-ադրբեջանական հակամարտության գոտի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։