Թուրքիան արձագանքել է Անկարային զենք չմատակարարելու Կանադայի որոշմանը

Թուրքիան քննադատել է Կանադայի իշխանությունների՝ զինամթերքի արտահանման թույլատրման գործընթացը կասեցնելու մասին որոշումը և այդ քայլը գնահատել որպես երկակի չափորոշիչների քաղաքականության դրսևորում, այս մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

Թուրքիա ռազմամթերքի արտահանման կասեցումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններով, իսկ դա վկայում է երկակի չափորոշիչների քաղաքականության մասին:

«Կանադայի գործողությունները, հատկապես «սկսած «Խաղաղության աղբյուր» գործողությունից, չեն համապատասխանում դաշնակցային ոգուն, խոչընդոտներ են ստեղծում ռազմական միավորների արտահանման թույլատրության համար»,-ասվում է փաստաթղթում:

Թուրքիան հույս է հայտնել, որ Կանադան կսկսի գործել առանց իր քաղաքականության վրա հակաթուրքական շրջանների ազդեցության։

Հիշեցնենք, որ երեկ «Թվիթերում» Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը գրել էր, որ Կանադան կասեցրել է Ղարաբաղում օգտագործվող սպառազինությունների համար համապատասխան արտահանումները։

«Վերջին օրերին պնդումներ են  հնչում, թե կանադական  տեխնոլոգիաներ են օգտագործվում Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունում։ Այդ մեղադրանքներից ելնելով՝ ես հանձնարարել եմ Global Affairs Canada-ին անհապաղ հետաքննություն սկսել այդ պնդումների  կապակցությամբ։ Կանադայի արտահանման խիստ ռեժիմի և ընթացիկ հետաքննությանը համապատասխան՝ ես կասեցրել եմ համապատասխան արտահանումները»,- գրել էր արտգործնախարարը։

«Կանադան մտահոգ է խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառով և կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել բռնությունը դադարեցնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»,- գրել էր Շամպանը: