«Ռուսները գրավելու են Թուրքիան, և այն անհետանալու է քաղաքական քարտեզից». այս մասին հուշում է նաև հույն սրբի մարգարեությունը

Ադրբեջանի, Թուրքիայի վերջին գործողությունները, Էրդողանի հայտարարությունները և նկրտումները ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական ևս մեկ զգայուն կետի` Սիրիայի առնչությամբ, ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկով, տանում են հենց ռուս-թուրքական բախման:

Interfax.ruտեղեկացմամբ, «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե այն երկրները, որոնք խոստացել են վերջ տալ Սիրիայում ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտիներին, չպահեն իրենց խոսքը, Անկարան կգործի ինքնուրույն» (ընդգծումը` մերը):

Էրդողանի խոսքով ՝ «Անկարայի գործողությունները ձախողեցին Թուրքիայի հարավային սահմանի երկայնքով «ահաբեկչական միջանցք» ստեղծելու ծրագրերը, իսկ Թուրքիայի իշխանությունները կշարունակեն ջանքեր գործադրել այս տարածաշրջանում լիակատար անվտանգության հասնելու համար»:

Էրդողանն «ահաբեկիչներ» ասելով քրդերին նկատի ունի, և Ռուսաստանին նկատի ունի` ասելով, որ այն երկրները, որոնք խոստացել են վերջ տալ Սիրիայում ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտիներին, չեն պահում իրենց խոսքը: Այդ կապակցությամբ ներկայացնելով ինքնուրույն գործելու սպառնալիք, Էրդողանը մեր տարածաշրջանում ներկայիս ծանր ու լարված իրավիճակում հերթական մարտահրավերն է նետել Պուտինին և Ռուսաստանին: Կարծում եմ, Ռուսաստանի հետ բախումն այս անգամ Թուրքիայի համար կլինի կործանարար` լինի դա Սիրիայի, թե, հատկապես, Հայաստանի առնչությամբ:

Թուրքիայի կործանման վերաբերյալ կան հույն և ռուս ուղղափառ եկեղեցիների որոշ սուրբ հայրերի կանխատեսումներ ու մարգարեություններ: Մասնավորապես հայտնի են հույն ուղղափառ եկեղեցու 20-րդ դարի սրբերից Պաիսիոս Աթոսացու մարգարեությունները` Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր պատերազմի վերաբերյալ:

«Իրատես» թերթում դեռ 2015 թ. «Մարգարեություն Թուրքիայի վերաբերյալ» վերտառությամբ հրապարակված հոդվածում, հեղինակը` Հովհաննես Մանուկյանը նշել  է, որ, ըստ Աթոսացու, հունական բանակը չի մասնակցելու այդ պատերազմին, պատերազմի թատերաբեմ է լինելու Մերձավոր Արևելքը:

Աթոսացու մարգարեությանը հավատացողներից շատերը հավանաբար կմտածեն, թե ռուս-թուրքական պատերազմը կբռնկվի Սիրիայում հնարավոր իրադարձությունների, և ոչ թե` Թուրքիայի աջակցությամբ ներկայումս Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընդլայնման, այսինքն` Հայաստանի վրա Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման և այդ պատերազմում Թուրքիայի ավելի լայն ընդգրկման հետևանքով, քանի որ հույն սուրբը նշել է, որ պատերազմի թատերաբեմ է լինելու Մերձավոր Արևելքը: Սակայն պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի երկրների շարքում է, և, հնարավոր է, Աթոսացին «Մերձավոր Արևելք» ասելով, չի մանրամասնել ու նկատի է ունեցել Մեծ Մերձավոր Արևելքը: «ՎԻՔԻՊԵԴԻԱ ազատ հանրագիտարանում» այս կապակցությամբ նշված է.

«Մեծ Մերձավոր Արևելք (անգլ.՝ Greater Middle East, ռուս.՝ Большо́й Бли́жний Восто́к), քաղաքական և աշխարհագրական տերմին (բառեզր, եզրույթ), որն օգտագործվում է 1980 թվականից[1]: Բացի Միջին Արևելքի ավանդական արաբական երկրներից, Մեծ Մերձավոր Արևելքը ներառում է նաև Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Հայաստանը, իրեն հարակից հարավկովկասյան երկրների հետ, և մի շարք երկրներ Կենտրոնական Ասիայում՝ Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան[2], ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներ՝ Լիբիան, Թունիսը, Ալժիրը, Մարոկկոն, Մավրիտանիան, Սուդանը»:

Ինչպես նշված է «Իրատես» թերթի հիշյալ հոդվածում, ըստ Պաիսիոս Աթոսացու, «Ռուսները գրավելու են Թուրքիան, և այն անհետանալու է քաղաքական քարտեզից, քանի որ թուրքերի մեկ երրորդը քրիստոնյա է դառնալու, մեկ երրորդը զոհվելու է ճակատամարտերում, մեկ երրորդը Միջագետք է գաղթելու: Հավաստիացնում է, որ այդ պատերազմին նույնիսկ չինացիներն են մասնակցելու և մի կողմից անցնելու են Եփրատ գետը, մյուս կողմից հասնելու են Երուսաղեմ քաղաքին` ունենալով երկուհարյուրմիլիոնանոց բանակ: Նա նշում է, որ Թուրքիայում կապստամբեն քրդերն ու հայերը, և եվրոպացիները թուրքերից պահանջելու են նրանց ինքնորոշումը և անկախությունը, և այսպիսով Թուրքիան կբաժանեն մի քանի մասի»:

Արթուր Հովհաննիսյան