ԼՂ-ում Սիրիայից բերված 93 վարձկան է սպանվել, հանգստյան օրերին ուղարկվել է հավելյալ 430 մարդ. «ՌԻԱ Նովոստի»

Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից բերված 93 վարձկան, որից 53-ի դիերն արդեն տեղափոխվել են Սիրիա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության՝ իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին:

Բացի դրանից, աղբյուրի հավաստմամբ, նախորդ հանգստյան օրերին ղարաբաղյան հակամարտության գոտի է ժամանել Սիրիայից վարձկանների 3-րդ խումբը:

«Ուղարկվել է 430 մարդ»,- նշել է աղբյուրը:

Սիրիական ընդդիմությունից մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ հակամարտության գոտում եղել է 322 «լավ զինված» սիրիացի վարձկան:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխված իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու մասին: