Ստեփանակերտին 20 հրետանային հարված է հասցվել. «ՌԻԱ Նովոստի»

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին 20 հրետանային հարված է հասցվել: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստին»:

Պայթյուններ են լսվել քաղաքի կենտրոնին մոտ: Ի դեպ, օգտագործվել են բազմակի արձակման հրթիռային համակարգի արկեր:

«Այս պահին Ադրբեջանի զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ են հասցնում Ստեփանակերտին»,- հայտնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը»,-գրում է աղբյուրը:

«ՌԻԱ Նովոստին» նաև անդրադարձ է արել ԼՂ խնդրին՝ նշելով, թե երբ է սկսվել այն: Աղբյուրը նաև նկատում է, որ, 1992-ից ի վեր, բանակցությունները ընթանում են խաղաղ կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գլխավորությամբ: Ադրբեջանը պնդում է պահպանել իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը պաշտպանում է չճանաչված հանրապետության շահերը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։