Հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Մարգարյանը «ԻԳԼԱ»-ով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով հերոսական դրվագ ռազմաճակատից:

«Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։