Այսօր իմ հրամանով 5 հոգի ևս արժանացել են «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման, ցավոք, մեկը հետմահու. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ առաջնագծում զինվորներն ու սպաները հրաշքներ են գործում՝ վտանգելով կյանքը և անտեսելով մահը։ «Հենց  դա է մեզ պետք՝ ապրելու համար հաղթահարել մահվան բարդույթը»,-ասաց նախագահը։
Արայիկ Հարությունյանի հրամանով  «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման են արժանացել ևս 5 զինվորականներ.

«Դավիթ Լյովայի Գրիգորյան
2020թ․-ի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով հասցրել է Կարախանբելի-Ֆիզուլի հատվածում խոցել  15 տանկ և 1 ՀՄՄ։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։

Էդգար Էդվարդի Մարկոսյան
Այս պատերազմի ընթացքում Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։

Յուրա Հայկարամի Ալավերդյան
Կարախանբելի-Ֆիզուլի հատվածում 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա է խոցել։
Այս երեքն էլ զինվորներ են, փառք մեր հերոսներին, նորից ուզում եմ ասել՝ ձեր ցավը տանեմ »,- ասաց Հարությունյանը, ապա ներկայացրեց մյուս երկու հերոսների սխրանքները։

«Գնդապետ Շաքարյանը Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Պարո՛ն Շաքարյան, ձեզ հարգելու է ամբողջ ազգը, ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը, Դուք Արցախի իրական հերոս եք։
Եվ վերջինը՝ Դավիթ Վանիկի Ղազարյան, ցավոք հետմահու։ Նա վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով։ Ղազարյանն իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ բոլորին, բայց հպարտ եմ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման  շատ հայրենակիցներ»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Արցախի Հանրապետության նախագահի հավաստիացմամբ՝ շարունակվելու է իր կողմից մեր հայրենակիցների հերոսությունների գնահատման աշխատանքը։

«Փառք բոլորին, բոլորն էլ հերոս են»,- ասաց Արայիկ Հարությունյանը։