Մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են բարձր մակարդակով. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի, զինտեխնիկայի և վարձկանների կուտակումներ կան, սակայն ընդգծում է, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կան համապատասխան զորքերի շարժակազմեր, մարտակարգեր: Հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հովհաննիսյանն անդրադարձավ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տարածած տեղեկատվությանը, թե հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի, զինտեխնիկայի, Սիրիայից, Լիբիայից և Պակիստանից Ադրբեջան ժամանած վարձկանների կուտակումներ կան:
«Ես չեմ կարող դա ոչ հերքել, ոչ հաստատել: Կարող եմ ասել, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կան համապատասխան զորքերի շարժակազմեր, մարտակարգեր: Դրանցում վստահ եմ, որ կլինեն տարբեր տեղերից բերված վարձկան ահաբեկիչներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններ որպես այդպիսին չեն մղվում, բայց որոշակի շարժեր նկատվում են հակառակորդի կողմից, ինչպես նաև հետախուզական, սադրիչ գործողություններ, որը վերահսկվում է և կանխվում է:
«Մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են բարձր մակարդակով»,- ասաց Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում