Ռուս-թուրքական բախում. Ադրբեջանի, Թուրքիայի վերջին գործողությունները, Էրդողանի հայտարարություններն ու նկրտումերը տանում են հենց դրան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դատելով ամենից, հերթական անգամ, ըստ էության, մերժել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի` Լեռնային Ղարաբաղում զինադադար հաստատելու կոչը: Կարելի է ենթադրել, որ մերժել է քաղաքավարի կերպով, դիանագիտորեն ու խորամանկորեն, և ամենակարևորը` գործնականում:

Ադրբեջանի նախագահի կայքի տեղեկացմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել զինադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում:

«Ֆրանսիայի նախագահը, մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերի կապակցությամբ, կոչ է արել վերականգնել հրադադարի ռեժիմը և շուտ վարել բանակցություններ», – նշված է կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ալիևը Մակրոնի հետ զրույցում Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի բնակավայրերը հրետակոծելու մեջ, որի արդյունքում, ըստ Մակրոնին նրա ասածի, զոհվել է 19 խաղաղ բնակիչ, ավելի քան 60-ը վիրավորվել: Ադրբեջանի նախագահն ամբողջ պատասխանատվությունը դրել է Հայաստանի ղեկավարության վրա Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման համար:

Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցներից մեկը` France24.com-ը, հայտնել էր, որ «Բաքուն և Երևանը անտեսում են կրակը դադարեցնելու միջազգային աճող ճնշումը՝ մտավախություն առաջացնելով, որ հակամարտությունը կարող է վերաճել համատարած պատերազմի և ներգրավել տարածաշրջանային տերությունների, ինչպիսիք են Թուրքիան և Ռուսաստանը»: Դժվար չէ հասկանալ, որ ֆրանսիական լրատվամիջոցի մտահոգությունը բնավ էլ անիրական չէ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնելով, որ «անօրինական զինված խմբավորումների մարտիկներ, այդ թվում ՝ Սիրիայից և Լիբիայից, ուղարկվում են հակամարտության գոտի», խոր մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ, սակայն իր զինված ուժերը դեռ գործի չի դրել միջազգային ահաբեկիչների դեմ, ինչպես Սիրիայում: Նրանց շանսատակ անելու ժամանակը դեռ կգա, գնալով ավելի է մեծանում Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի հետ Ոուսաստանի զինված ուժերի բախման հավանականությունը:

Կարծում եմ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի զինված ուժերի և միջազգային ահաբեկիչների լայնամասշտաբ հարձակման դեպքում հիշյալ բախումն այլևս անխուսափելի կլինի: Նիկոլ Փաշինյանը կդիմի նաև ՀԱՊԿ-ին, և նշված կազմակերպությունը, առնվազն ՀԱՊԿ-ում Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը կկատարեն ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունները:

«Մենք, անշուշտ, շատ մոտ ենք լայնամասշտաբ պատերազմ տեսնելուն, հնարավոր է նույնիսկ տարածաշրջանային մասշտաբով», – France24.com-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի անդամ Օլեսյա Վարդանյանը, և, կարծում եմ, չի սխալվել:

Հոկտեմբերի 3-ին «Ինտերֆաքսը» հղում կատարելով ՀՀ կառավարության աղբյուրներից մեկի վրա, հայտնեց, որ Հայաստանի պետական սահմանի ողջ երկայնքով գրանցվել են Ադրբեջանի զինված ուժերի և մերձավորարևելյան մի շարք երկրներից վարձկանների կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակումներ:

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով նկատվել են Ադրբեջանի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակումներ, ինչպես նաև Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից, Լիբիայից Ադրբեջան ժամանած վարձկաններ և միջազգային հայտնի ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ»,- ասել է աղբյուրը:

Չեմ կարծում, թե վերոնշյալ կուտակումն ընդամենը նպատակ ունի Հայաստանին սպառնալու, վախեցնելու: Մենք, իհարկե, վախեցողը չենք, բայց պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ՀՀ-ի վրա թշնամու հարձակմանը` նկատի ունենալով, որ Ադրբեջանի ԶՈւ և միջազգային ահաբեկիչների վերը նշված շարժն ու կուտակումն ունեն ավելի առարկայական նպատակներ:

«Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը կոչ են անում պատերազմող կողմերին ամբողջությամբ և որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը, նվազեցնել լարվածությունը և ցուցադրել առավելագույն զսպվածություն»,- հայտնել է Կրեմլը:

Ռուսաստանի նախկին արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԽՍՀՄ երկու նախկին հանրապետությունների իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում հաստատել է հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը, սակայն, ինչպես գրել է France24.com-ը, «ղեկավարներից ոչ մեկը բանակցությունների պատրաստակամության նշաններ ցույց չտվեց:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավաստեց, որ իր զինվորականները կշարունակեն մարտերը, քանի դեռ հայկական զորքերը լիովին դուրս չեն բերվել Ղարաբաղից»:

«Եթե Հայաստանի կառավարությունը կատարի այդ պահանջը, մարտերն ու արյունահեղությունը կդադարեն և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»,- ասել է Ալիևը վիրավոր զինվորներին այցելելիս:

Այսպիսով Ալիևն առաջադրել է մի պայման ու պահանջ, որի կատարումը հայկական կողմից բացառված է, և ինքն էլ այդ մասին նախապես քաջ գիտե: Այսինքն` Ադրբեջանը նպատակ ունի շարունակել պատերազմը, քանի դեռ առնվազն չի օկուպացրել ողջ Արցախը: Դա նաև նրան այս օրերին շուրջօրյա ռազմական և քաղաքական աջակցություն ցուցաբերող Թուրքիայի պահանջն է:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հոկտեմբերի 1-ին ելութ ունենալով Թուրքիայի խորհրդարանում` Ազգային մեծ ժողովում, անընդունելի է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` կրակի դադարեցման պահանջը, ասել, որ այդ երկրները նախ պետք է պահանջեն, որ հայերը դուրս հանեն զորքերն Ադրբեջանից, անընդունելի համարել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան «հրադարար են փնտրում վերջին բացասական զարգացումերի ֆոնին», և հավելել, որ եթե նրանց «ինչ-որ բան ցանկալի է, ապա լուծում գտնելու համար զավթիչները պետք է հեռանան այս հողերից»։

Հասկանալի է, որ Թուրքիայի այս նախապայմանի դեպքում պատերազմը երկար է շարունակվելու:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին ասաց, որ Լեռնային Ղարաբաղում զինադադարի պայմանը Թուրքիայի դուրս գալն է Հարավային Կովկասից: Սա մի պայման է, որ Թուրքիան, քանի դեռ ջախջախիչ հարված չի ստացել Ռուսաստանից, հնարավոր այլ զարգացումների դեպքում չի կատարի: «Միայն ու միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում»,- հոկտեմբերի 3-ին ուղերձով դիմելով ժողովրդին, հայտարարեց Փաշինյանը:

Այսպիսով Ադրբեջանը և Թուրքիան զինադադարի կամ պատերազմի ավարտի համար առաջադրել են անընդունելի և անիրականանալի նախապայմաններ ու պահանջներ, անիրականանալի է նաև Փաշինյանի առաջադրած նախապայմանը, բացառությամբ վերը նշված դեպքի` Ռուսաստանից Թուրքիայի ջախջախիչ հարված ստանալու: Ադրբեջանի, Թուրքիայի վերջին գործողությունները, Էրդողանի հայտարարությունները և նկրտումները, այդ թվում նաև Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական ևս մեկ զգայուն կետի` Սիրիայի առնչությամբ, տանում են հենց դրան:

Արթուր Հովհաննիսյան