Օրակարգում կա Արցախի անկախության ճանաչման հարցը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին

Հայաստանի Հանրապետության օրակարգում կա Արցախի անկախության ճանաչման հարցը: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա օրակարգի հարց է, և որոշում կկայացվի կամ չի կայացվի՝ կախված բազմաթիվ գործոններից»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է նաև, որ քննարկում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հնարավորությունը:

«Այդ դաշինքը դե ֆակտո գոյություն ունի։ Մենք ասել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ մենք պետք է ապագա զարգացումները հաշվի առնենք այս դրույթը մեր օրակարգում ունենալով։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս իրավիճակը տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական իրականություն է առաջացրել։ Ինչպես ասացի, մի քանի տարի ռազմատենչ հռետորաբանություն զարգացնելով՝ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, և դա տեղի ունեցավ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ։ Միջազգային մամուլում արդեն կան վկայություններ, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից հավաքագրվում են վարձկաններ ու տեղափոխվում են մեր տարածաշրջան, և մենք պետք է ուժեղացնենք մեր համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ՝ անվտանգության ոլորտում»,- նշեց վարչապետը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ: