Այս ամենն ավարտվելու է. և ավարտվելու է հօգուտ հայերի. Դենիս Դվորնիկով

Միջազգային իրավունքի համառուսաստանյան ասոցիացիայի անդամ, փորձագետ Դենիս Դվորնիկովն անդրադարձել է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:

«Այս ամենն ավարտվելու է. և ավարտվելու է հօգուտ հայերի: Գլխավորը չխանգարել նրանց՝ իրենց սահմանից ավելի հեռացնելու սրիկա ահաբեկիչներին: Չէ՞ որ դրանք քաղաքակիրթ աշխարհի սահմաններն են»: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Դենիս Դվորնիկովը նշել է, որ մտածում է Հադրութում հասարակ, ոչ մեծ տան մասին, որպեսզի այնտեղ, հարևանի հետ հետաքրքիր զրույց ծավալի մեկ բաժակ սուրճ խմելով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։