Իսպանացի պատգամավոր Ժոան Բալդովին իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ժոան Բալդովին անդրադարձել է Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին:

«Համերաշխությունս հայ ժողովրդին, որն այսօր կրկին ռմբակոծվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է  Ժոան Բալդովին և կիսվել Ստեփանակերտի լուսանկարով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ: