ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ մարդասիրական զինադադար կնքել, որպեսզի հակամարտության գոտուց դուրս բերվեն զոհերի դիերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ մարդասիրական զինադադար կնքել, որպեսզի հակամարտության գոտուց դուրս բերվեն զոհերի դիերը: Այս մասին ասվում է համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում:

«Համանախագահները վճռական կոչ են անում, մարդասիրական նկատառումներից ելնելով, անհապաղ դադարեցնել կրակը, որպեսզի հնարավոր լինի ԵԱՀԿ և ԿԽՄԿ համակարգմամբ՝ ապահովել զոհված զինծառայողների դիերի դուրսբերումը»,-ասված է հայտարարությունում:

Բացի դրանից, համանախագահներն ընդգծել են, որ արտաքին կողմերի մասնակցությունը բռնության էսկալացիային ի չիք է դարձնում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Նրանք հակամարտող կողմերին ևս մեկ անգամ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և առանց նախապայմանների վերականգնել առարկայական բանակցությունները:

«Համանախագահները վճռականորեն դատապարտում են ԼՂ հակամարտության գոտում շարունակվող բռնությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ շփման գծից հեռու գտնվող քաղաքացիական օբյեկտներին ուղղված հարձակումները և մտահոգություն են հայտնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի առնչությամբ: Քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակումները կամ սպառնալիքներն անընդունելի են ցանկացած պարագայում: Համանախագահները կոչ են անում կողմերին լիարժեք հետևել իրենց միջազգային պարտավորություններին, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության պաշտպանությանը»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։