Հարավային Կովկասը՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև պայքարի երրորդ թատերաբեմ. The Guardian

Բրիտանական The Guardian պարբերականը կրկին անդրադարձել Է ԼՂ սրված հակամարտությանը՝ նշելով, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի ու Թուրքիայի միջև պայքարի երրորդ թատերաբեմ է դարձել:

Որպես այլ երկրի գործերին թուրքական միջամտության օրինակ է բերվում Լիբիայում իշխանության՝ Ազգային համաձայնության կառավարության օգտին «շրջադարձը» և Ռուսաստանի կողմից մեծապես աջակցվող Խալիֆա Հաֆթարին «հետին պլան մղելը», ինչպես նաև Սիրիայում ստեղծված փակուղային իրավիճակը: Ընդգծվում է, որ թուրքական անվտանգության ծառայությունների գործակալները Լիբիայում տեղի ունեցած վերջին դեպքերում մեծ դերակատարում ունեցած սիրիացի ընդդիմադիր զինյալներին վարձել են Լեռնային Ղարաբաղում կռվի դուրս գալու համար:

Նշվում է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը հակամարտող կողմերի միջև զինադադարի կնքման հայտարարություններ են կատարել, քանի որ տարածաշրջանը նաև գազի և նավթի տեղափոխման հիմնական «միջացքն» է համարվում: Խոսվում է նաև Վլադիմիր Պուտինի, Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի նախօրեին հակամարտությունը դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կոչերի մասին:

Նշվում է, որ այս պարագայում ԱՄՆ-ը չեզոքություն է պահում, իսկ Ֆրանսիան ազդեցության քիչ լծակներ ունի: Մոսկվան նախկինում երկու կողմերին ստիպել է բանակցային սեղանի շուրջ վերադառնալ և այժ էլ նման կերպ վարվելու դրդապատճառներ ունի:  Ռուսաստանը պաշտպանության մասին համաձայնության մեջ է Հայաստանի հետ, սակայն զենք է վաճառում Ադրբեջանին և այսքան ժամանակ հաջողությամբ կարողացել է երկուսին հավասարակշռության մեջ պահել: Մոսկվան չի ցանկանում երկար պատերազմական գործողությունների հետևանքով ապակայունացած Հարավային Կովկաս տեսնել, ինչպես նաև չի ուզում, որ դրա հետևում Թուրքիան կանգնած լինի:

Նշվում է, որ Անկարայի և Մոսկվայի պրագմատիզմի արդյունքում է հնարավոր եղել փոխադարձ շահերի այս բարդ հանգույցում խուսափել կռվի բռնկումից: Էրդողանը կարծում է, որ այսպիսով մինչև կողմերի համաձայնության գալն իր դիրքերն է ամրապնդում, սակայն հաշվի առնելով, որ երկրների միջև կապերն առավել բարդ են դառնում, խճճվելու հավանականությունը նույնպես մեծանում է: Ցանկացած պարագայում տուժում են խաղաղ բնակիչները՝ թե՛ Իդլիբում, թե՛ Լեռնային Ղարաբաղում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։