Ադրբեջանի և Թուրքիայի պատասխանը Պուտինի, Թրամփի և Մակրոնի կոչին

Պատերազմը երկարելու է անորոշ ժամանակով, եթե ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան միասնաբար կոշտ պատժամիջոցներ չկիրառեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ

Ադրբեջանը և Թուրքիան երեկ շատ արագ պատասխանեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցություններն առանց նախապայմանների վերսկսելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ արված կոչին:

Նախ պատասխանեց ներկայիս պատերազմի ետևում կանգնած Թուրքիան: Azatutyun.amտեղեկացմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հոկտեմբերի 1-ին ելութ ունենալով Թուրքիայի խորհրդարանում` Ազգային մեծ ժողովում, ըստ էության քննադատել է Ղարաբաղում կրակը դադարեցնելու միջնորդների ջանքերը։

««Անընդունելի է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրակի դադարեցում է պահանջում, նախ պետք է պահանջի, որ հայերը դուրս հանեն զորքերն Ադրբեջանից,- Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը` շարունակելով, – հաշվի առնելով, որ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները` ԱՄՆ-ն Ռուսաստանը, Ֆրանսիան, մոտավորապես 30 տարի բանակցում են այդ խնդիրը, առաջին հերթին անընդունելի է, որ նրանք հրադարար են փնտրում վերջին բացասական զարգացումերի ֆոնին, որ ջրի երես դուրս եկան այս օրերին, բայց եթե ինչ-որ բան ցանկալի է, ապա լուծում գտնելու համար զավթիչները պետք է հեռանան այս հողերից»։

Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիան կանգնած է ադրբեջանցի եղբայրների կողքին` ասելով, թե տևական խաղաղության ճանապարհը հայերի հեռացումն է «գրաված ադրբեջանական» յուրաքանչյուր թիզ հողից, իսկ «Թուրքիային զրպարտելու մշտական փորձերը չեն փրկի Հայաստանի կառավարությանը»»։

Այդ նույն ժամանակ, ինչպես նաև երեկ ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը պատասխանում էր Արցախի Պաշտպանության բանակին և տարբեր բնակավայրերի խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվող հրթիռահրետանային ու ռմբային հարվածներով` սպանելով, հաշմելով, վիրավորելով Արցախում գտնվողներին, պատճառելով բազում ավերածություններ:

Ընդգծենք, որ Արցախի ՊԲ-ն նույն ընթացքում մղում էր պաշտպանական մարտեր, ինչը, անկախ Մինսկի խմբի համանախագահ պետությունների առաջնորդների հիշյալ հայտարարությունից, չէր կարող չանել: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ»:

Ւսկ ի՞նչ է ասել Ադրբեջանի նախագահը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու առնչությամբ: Իլհամ Ալիևը հավաստել է, որ իր զինվորականները կշարունակեն մարտերը, քանի դեռ հայկական զորքերը լիովին դուրս չեն եկել Ղարաբաղից:

«Եթե Հայաստանի կառավարությունը կատարի այդ պահանջը, մարտերն ու արյունահեղությունը կդադարեն և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»,- ասել է նա վիրավոր զինվորներին այցելելիս:

Այսպիսով Ադրբեջանի նախագահը ասել է այն, ինչ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը: Պարոնայք Պուտինի, Թրամփի և Մակրոնի հայտարարությանն Ադրբեջանի, թերևս նաև Թուրքիայի պատասխանն ունեցավ շարունակական բնույթ: Հիշյալ նախագահներին ուղղված յուրօրինակ հաղորդագրություն կարելի է համարել երեկ գիշեր Հայաստանի Հանրապետության տարածք չորս անօդաչու թռչող սարքերի ուղղորդումը: Հայաստանի օդային տարածք ներխուժած ԱԹՍ-ները հայտնվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի երկնքում և ոչնչացվել Հայաստանի ՀՕՊ ուժերի կողմից:

Ի դեպ, դատելով նրանից, որ հիշյալ ԱԹՍ-ները կարողացել են ահագին առաջանալ, նրանցից առնվազն մեկը բավական մոտեցել է Երևանին` աննկատ կամ անվնաս անցնելով մինչ այդ եղած հակաօդային պաշտպանության մի շարք գոտիներով, ինչը վկայում է ԱԹՍ-ի բարձր հատկանիշների ու դրա կառավարման բարձր մակարդակի մասին, հնարավոր ենք համարում, որ դրանք եղել են թուրքական արտադրության և Թուրքիայի ՌՕՈւ-ի կողմից կառավարվող «Bayraktar TB2» գերժամանակակից, հարվածային օպերատիվ-մարտավարական ԱԹՍ-ներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ նրա լրատվության պատասխանատուները դեռ տեղեկատվություն չեն հրապարակել, թե դրանք ինչ ԱԹՍ-ներ են եղել` Ադրբեջանի՞, թե Թուրքիայի զինված ուժերին պատկանող, հետախուզակա՞ն, թե նաև հարվածային, ո՞րն է եղել դրանք ՀՀ օդային տարածք մտցնելու նպատակը` սոսկ հետախուզակա՞ն, թե նաև հարվածային, որտե՞ղ են ընկել դրանք կամ դրանց բեկորները:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հիշյալ հայտարարությանը շարունակեց պատասխանել նաև այսօր` «Սմերչով» հարվածելով Հադրութ քաղաքին, օգտագործելով արկերի կամ հրթիռների` միջազգային մարդասիրական իրավունքով հատկապես քաղաքացիական բնակչության և բնակելի հատվածների հանդեպ կիրառելու առումով արգելված կասետային մարտագլխիկներ: Արդյունքում, ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, «Կան քաղաքացիական վիրավորներ»:‰

Ադրբեջանն այնուհետև հրթիռակոծել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով, ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեղեկատվության, «Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա», «Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»:

Ավելին. Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում թիրախավորել է ենթակառուցվածքները. արկով հարվածել ՀՀ-ն և Արցախը կապող Հակարի գետի կամրջին:

Ահա սա՛ է պարոնայք Պուտինի, Թրամփի և Մակրոնի` երկու կողմերին հավասարապես ուղղված կոչին և «անատամ» հայտարարությանն Ադրբեջանի և Թուրքիայի տված ու վերևում դեռ ոչ ամբողջականորեն ներկայացված պատասխանը:

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ ստանձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բարեխղճորեն և առանց նախապայմանների հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների վերսկսման պարտավորությունը»,- նշված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ։

Ի՞նչ է լինելու հետո: Այս հարցը շատերն են ինձ տալիս, և ինքս եմ ինձ տալիս: Բոլորիս է հետաքրքրում այս հարցի պատասխանը: Գիտեմ, հասկանում եմ` կանխատեսումս, մեղմ ասած, հաճելի չի լինելու ընթերցողներին:

Դատելով ամենից, Ալիևը և Թուրքիան առաջիկայում էլ չեն հարգելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և աշխարհի հզոր պետությունների առաջնորդների` պարոնայք Պուտինի, Թրամփի և Մակրոնի հիշյալ կոչը, շարունակելու են իրենց լկտի վերաբերմունքը, և պատերազմը երկարելու է անորոշ ժամանակով: Եթե, իհարկե, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից միասնաբար կոշտ պատժամիջոցներ չկիրառվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ: Իսկ կկիրառե՞ն, ի՞նչ եք կարծում… Անձամբ չեմ բացառում, բայց համարում եմ քիչ հավանական: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը թերևս համապատասխան տեղեկատվության տիրապետելով է օրերս ասել, որ մեզ անհրաժեշտ է պատրաստվել երկարատև պատերազմի:

Արթուր Հովհաննիսյան