Շարունակվում է նաև կորոնավիրուսի չհայտարարված պատերազմը. Ոստիկանությունը հորդորում է չկորցնել զգոնությունը

«Հարգելի համաքաղաքացինե՜ր:
Հայոց բանակը, պահեստազորն ու կամավորականները հերոսաբար պաշտպանում են հայրենի սահմանները, քանզի վստահ են՝ թիկունքն ամո՜ւր է:
Արժանի՜ լինենք մեր զինվորների վստահությանը:
Արժանի՜ լինենք անմնացորդ թիկունքային կարգապահությամբ ու կազմակերպվածությամբ:
Հիշե՜նք, որ մյուս փորձությունների հետ շարունակվում է նաև կորոնավիրուսի չհայտարարված պատերազմը:
Հիշե՜նք, որ միայն առողջ ու կենսունակ թիկունքը կարող է իսկապես զորավիգ լինել ռազմաճակատին:
Կոչ ենք անում, հորդորում ու պահանջում ենք՝ հստակ պահպանեք հակահամաճարակային անվտանգության կանոնները, ինքնահսկողությամբ ու հանրային հսկողությամբ կատարեք պատկան մարմինների հանձնարարականները, անվերապահորեն ենթարկվեք իրավապահների օրինական պահանջներին:
Վստահ ենք՝ մեր ժողովուրդը կհաղթի նաև այս պատերազմում, որովհետև դա մեր զինվորների պահանջն է:
Զինվոր զգանք մեզ այս պատերազմում:
Հաղթելո՜ւ ենք»,- նշված է Ոստիկանության հայտարարության մեջ:

ԱՆ-ի տեղեկացմամբ, հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51382 դեպք, որոնցից 44406-ն` առողջացած, 966-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5709 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 300224 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Ունենք 187 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ) 102 (տղամարդ) և 66 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 301 է։