Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոկայան. նրանք ղեկավարվել են արաբերենով

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրան» մակնիշի ռադիոկայան:

Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրան» մակնիշի ռադիոկայան: Դրա վերծանման արդյունքում պարզ է դարձել, որ խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբական լեզվով»,- նշեց Սարգսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք՝ Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 11 քաղաքացի, 60-ից ավելին վիրավորվել: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել տարբեր աստիճանի վիրավորվում։

Հայկական զինուժն ունի 157 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն ունի շուրջ 1280 մարդկային կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 95 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 միավոր զրահատեխնիկա, 5 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրետանային համակարգ: